Friday, June 24, 2011

Օբաման կոչ է արել Կազանում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ փոխհամաձայնության գալ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել այսօր Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ փոխհամաձայնության գալ։ Այս մասին ասված է ԱՄՆ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Օբաման երեկ հատուկ զանգահարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որպեսզի նրանց հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու կոչ անի։
«Նախագահը երկու երկրների առաջնորդներին կոչ է արել Կազանում նախագահ Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ համաձայնեցնել և ավարտին հասցնել հիմնարար սկզբունքները։ Այն բանից հետո, երբ այդ «հիմնարար սկզբունքները» համաձայնեցվեն, կողմերը կկարողանան վերջնական կարգավորման շուրջ բանակցություններ սկսել՝ ուժ, սպառնալիքներ չկիրառելու, տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու պարտականությունների հիման վրա»,–ասված է հաղորդագրության մեջ։
«Նախագահ Օբաման առաջնորդներին ասել է, որ եկել է հակամարտությունը կարգավորելու և Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ ժողովուրդներին լավ ապագայի հույսեր տալու ժամանակը։ ԱՄՆ–ն կշարունակի աջակցել երկու կողմերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՝տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Այսօր Կազանում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ։ Օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորումն է։

No comments: