Sunday, June 26, 2011

Ի՞նչ ուտել, խմել ու հագնել ամռան շոգին. Մասնագետի օգտակար խորհուրդները

News.am. 26-6-2011- Հեղուկներ շատ օգտագործել, խուսափել հայկական ծանր կերակրատեսակներից եւ խուսափել արեւի ուղիղ ճառագայթների տակ հայտնվելուց, սրանք այն խորհուրդներն են, որոնց պետք է հետեւել ամռանը, որպեսզի ամառը դառնա հանգստի, ոչ թե տառապանքի սեզոն: Խորհուրդների հեղինակը Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանն է, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մի քանի այլ օգտակար դիտողություններ էլ արեց:
«Գոնե ամռան սեզոնին պետք է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթեւ, դյուրամարս կերակուրներ, օգտագործել շատ հում բանջարեղեն ու մրգեր»,-ասաց Ասոյանը: Նա խորհուրդ տվեց մինչեւ 5 տարեկան երեխաների խմելու ջուրն ապահովել շշալցված ջրով: «Ամբողջ աշխարհում քիչ երկրներ կան, որտեղ մարդիկ խմեն ծորակի ջուրը:
Մենք, չգիտես ինչու, հպարտանում ենք մեր Գառնիի, Ապարանի ջրով, ակայն գլուխ գովելուց առաջ եկեք մի պահ մտածենք` այդ ջուրը մինչեւ գալիս հասնում է Երեւան` քանի՞ կիլոմետր է անցնում: Փորձը ցույց է տալիս, որ այդ ջուրը կորցնում է իր որակական հատկանիշները`վթարված խողովակների հետեւանքով»,-նկատեց NEWS.am-ի զրուցակիցը:
Նա մի շատ կարեւոր խորհուրդ էլ տվեց` ժամը 12-ից մինչեւ 17-ը հնարավորինս քիչ գտնվել դրսում, գտնվելու դեպքում էլ` անպայման գլխարկ կրել, եւ անպայման` բաց գույնի: «Մի հատուկ խորհուրդ էլ երիտասարդներին` գոնե ամռան ամիսներին սեւ գույնի զգեստներ մի կրեք»,-առաջարկեց Ասոյանը:
Նա անդրադարձավ նաեւ ամռան սեզոնին ակտիվացող հիվանդություններին, նշելով, որ շոգ ամիսներին ամբողջ աշխարհում հատկապես գլուխ են բարձրացնում աղիքային հիվանդությունները: Դրանք մասնագետը բաժանեց երկու խմբի` առաջինը սննդից առաջացող աղիքային հիվանդություններ են (հիմնականում փորլուծություն), երկրորդը` աղիքային վարակիչ հիվանդությունները:
«Այս երկու հիվանդությունների ընթացքն էլ նման է: Ուստի` դրանցից զերծ մնալու համար պետք է խուսափել ավանդական հայկական չալաղաջներից, քյաբաբներից, կրեմով խմորեղեններից, զանազան պաղպաղակներից: Այդ սննդատեսակներն ավելի մեծ պոտենցիալ ունեն աղիքային հիվանդությունների պատճառ դառնալու առումով:
Օգտագործեք մածուն, թան, օրական գոնե մեկ բաժակ»,-խորհուրդ տվեց հանրապետության գլխավոր վարակաբանը: Ըմպելիքներից հատկապես գազավորված քաղցր ջրերից եւս պետք է ամռան սեզոնին զերծ մնալ, սահմանափակել սուրճի քանակությունը, օգտագործել թեյ ու հանքային ջուր:

No comments: