Բրիտանական հեղինակավոր The Economist շաբաթագիրը գրում է, որ Կազանի հանդիպման օրակարգի գաղափարն այն է, թե արդյոք Հայաստանը ետ կքաշվի՞ Ղարաբաղին հարակից ադրբեջանական տարածքներից և արդյոք Ղարաբաղը կստանա՞ միջանկյալ կարգավիճակ, որը կնաշանակի միջազգայնորեն ընդունվող լեգիտիմություն, բայց ոչ անկախություն:
Հանդեսը գրում է, որ փակ հանդիպումներում, հնարավոր է՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները քննարկում են փոխզիջումների հնարավորությունը, սակայն իրենց հրապարակային հայտարարություններում հետևում են «ոչ մի կապիտուլյացիա» սկզբունքին:
Շաբաթագիրը նշում է, թե կասկածելի են խնդիրը լուծելու Ռուսաստանի շարժառիթները: «Դրա բարի բացատրությունն այն է, որ Ռուսաստանը լծակներ ունի իր դաշնակից Հայաստանի նկատմամբ, և Մեդվեդևի կողմից խնդրի կարգավորմանը նպաստելը կբարձրացնի նրա հեղինակությունը»,- գրում է The Economist-ը և մեջբերում Кавказский Узел կայքի խմբագիր Գրիգորի Շվեդովի խոսքը, որ Ռուսաստանի նպատակն է մեծացնել իր քաղաքական և տնեսական ազդեցությունը Կովկասում: «Ռուսաստանի համար կարգավորման բանակցությունների հովանավորումը կարող է ավելի կարևոր լինել, քան հենց կարգավորումը, որը կմեծացնի Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում»,- հանդեսին ասել է Շվեդովը:
Ղարաբաղի խնդրի գիտակ Թոմաս դե Վաալն էլ հանդեսին կարծիք է հայտնել, որ իսկապես Թուրքիան կշահի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտությունից, սակայն վերջինիս վրա նրա ազդեցությունը սահմանափակ է Թուրքիայում ադրբեջանցի բնակչության մեծ թվի պատճառով: «Նման այն իրավիճակին, երբ պոչն է շարժում շանը, ոչ թե շունը՝ պոչը, Ադրբեջանը 2009թ. խափանեց Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը»,- ասել է դե Վաալը: Մեդվեդևի կազանյան նախաձեռնությունը նա անվանել է «խաղաղության հասնելու լավագույն հնարավորություն»:
«Հայերն ազդարարում են, որ ընդունում են ներկայացված սկզբունքների նախագիծը: Իր հերթին Ադրբեջանը չի մերժել, բայց և չի հայտարարել իր համաձայնության մասին»,- նշում է հանդեսը և հավելում, որ Ռուսաստանից բացի՝ խնդրի կարգավորման մյուս երկու միջնորդները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, մեծացնում են իրենց ճնշումը: The Economist-ը և վկայակոչում ֆրանսիական Դովիլում Մեծ ութնյակի գագաթաժողովի ժամանակ երեք երկրների նախագահների հայտարարությունը, որ «Ղարաբաղի հարցի լուծման հետագա ձգձգումը հարցականի տակ է դնում կողմերի՝ համաձայնության հասնելու հանձնառությունը»:
«Եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության գան Կազանում, դա մեծ առաջընթաց կլինի՝ չնայած այն բանին, որ դրանից հետո նոր բանավեճեր կսկսվեն: Եթե հայկական ուժերը դուրս գան իրենց «անվտանգության գոտուց» [նկատի ունի նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները – Tert.am], հարց կառաջանա, թե ով նրանց կփոխարինի: Ռուսաստանը հուսով է, որ խնդրի կարգավորման գործում իր դերակատարությունն իրեն իրավունք կտա իր խաղաղապահներին տեղակայել այնտեղ, սակայն դա այնքան էլ հրապուրիչ չէ Վրաստանում 2008թ. օգոստոսի պատերազմից հետո [նկատի ունի, որ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տեղակայված ռուս խաղաղապահները պաշտպանեցին հակամարտող մի կողմին – Tert.am]: ՆԱՏՕ-ի զորակազմի որևէ ներգրավվածություն կարժանանա Ռուսաստանի և Իրանի կատաղի դիմադրությանը: Մեկ բան պարզ է՝ Ղարաբաղում խաղաղություն հաստատելու համար հարկավոր է ունենալ ականապատ դաշտում քայլելու ձիրք»,- եզրակացնում է The Economist-ը:
No comments:
Post a Comment