Friday, June 24, 2011

Ինչ են ստորագրելու նախագահները

«Լրագիր» 24-6-2011- “Ռոսիյսկայա գազետա” պարբերականը տեղեկություն է հրապարակել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը Կազանում այսօր տեղի ունենալիք հանդիպմանը ստորագրելու են մի փաստաթուղթ, որը հակամարտ կողմերին պարտավորեցնում է հրաժարվել վեճերի լուծման գործում ուժի կիրառումից:
Համաձայն ռուսական պետական պարբերականի, կողմերը փաստաթղթի բովանդակությունը խիստ գաղտնի են պահում: Թերթը, հղում անելով Ռուսաստանի իշխանության բարձրաստիճան աղբյուրին, գրում է, որ Երեւանն ու Բաքուն ունեն փաստաթուղթը ստորագրելու սկզբունքային պատրաստակամություն: Սակայն վերջնական տեսքն ու ձեւակերպումները պետք է հաստատվեն եւ համաձայնեցվեն անմիջապես Կազանում, նշել է աղբյուրն ու հավելել, որ անսպասելի դժվարությունները բացառված չեն:
Ռոյթեր գործակալությունն իր հերթին տեղեկություն է տարածել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի վրա լուրջ ճնշում են բանեցնում Մինսկի խմբի համանախագահ երկրները, որպեսզի Կազանում լինի առաջընթաց: Ըստ Ռոյթերի, ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահները հույս ունեն, որ կողմերը կստորագրեն 14 կետից բաղկացած իրենց ներկայացվող փաստաթութղթը, որը հիմք կդնի խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցելու համար:
Փաստաթուղթ ստորագրելու կողմերի սկզբունքային պատրաստակամության մասին ռուսական Կոմերսանտին է ասել նաեւ այդ թերթի աղբյուրը, կրկին ՌԴ իշխանությունից: Ըստ Կոմերսանտի, Կրեմլի աղբյուրն ասել է, որ Դմիտրի Մեդվեդեւը եռակողմ նախաձեռնությունն իր անձնական առաքելությունն է համարում եւ այժմ ունի հնարավորություն, որ Կազանում հայտարարի, որ առաքելությունն իրականացված է:
Սակայն Կոմերսանտի աղբյուրն էլ նշել է, որ այդուհանդերձ հնարավոր են չնախատեսված զարգացումներ, որոնք կձախողեն համաձայնությունը:

No comments: