Thursday, July 7, 2011

Գարեգին 2–րդը ձեռքը սեղանին է խփել և պահանջել բավարարել հայկական կողմի պահանջները. վրացի վանահայր

Tert.a7-7-2011- Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելուն է անդրադարձել նաև Մեծ Բրիիտանիայում և Իռլանդիայում Վրաց ուղղափառ եկեղեցու թեմի վանահայր Զենոնը։
Վերջինս ասել է, թե իբր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը «Ռուսաստանում ձեռքը սեղանին է խփել և վրացական կողմից պահանջել բավարարել հայկական կողմի պահանջները»։ Այս մասին հայտնում է վրացական «Գրուզիա օնլայն» գործակալությունը։
«.... Ռուսաստանում այսպիսի դեպք է տեղի ունեցել. Գարեգին 2–րդը ռուսական պատվիրակության ներկայությամբ ձեռքը սեղանին է խփել և պահանջել բավարարել հայկական կողմի պահանջները։ Այդ հանդիպմանը ներկա էր նաև Վրաց եկեղեցու պատվիրակությունը»,– ասել է վանահայր Զենոնը։
Զենոնը նշել է, որ այսօր, փաստացի, հայկական կողմի պահանջները միակողմանիորեն են բավարարվել։ «Մի քանի տարի առաջ, երբ Վրաստանի պատրիարքարանի և այլ կրոնների ներկայացուցիչներևի միջև հուշագիր ձևակերպվեց, մենք պայմանավորվեցինք, որ կարգավիճակին առնչվող հարցերը, ինչպես նաև այլ հարցեր համատեղ կքննարկենք։ Այժմ ստացվում է, որ հայկական կողմի պահանջները բավարարվել են միակողմանիորեն, նրանց կարգավիճակ է շնորհվել, այժմ նրանք կարող են նաև սեփականության համար հայտ ներկայացնել»,– նշել քահանա Զենոնը։
Նա նաև ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, անհասկանալի է Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը Հայկական եկեղեցու նկատմամբ։
«Անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված Հայոց եկեղեցու հանդեպ նման վերաբերմունքը, այն դեպքում, երբ Հայաստանը չի պաշտպանում փախստականների վերադարձի մասին ՄԱԿ–ի բանաձևը»,–ասել է վանահայր Զենոնը։
Վրաստանի խորհրդարանը հուլիսի 5–ի երեկոյան երկրորդ և երրորդ ընթերցմամբ (առաջին ընթերցումը տեղի էր ունեցել հուլիսի 1–ին) ընդունեց քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունները։ Այդ փոփոխությունները նախատեսում են իրավաբանական անձի կարգավիճակ շնորհել Վրաստանում կրոնական միություններին, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցուն։
Ավելի վաղ, Ամենայն վրաց պատրիարք Իլիա 2–րդը Վրաստանի խորհրդարանին կոչ էր արել հետաձգել Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում վերոնշյալ փոփոխությունների քննարկումը։ «Անհրաժեշտ է դադարեցնել երկրորդ և երրրոդ ընթերցմամբ համապատասխան օրենքի ընդունման գործընթացը և հրապարակավ քննարկումներ անցկացնել, որպեսզի միասնական հասարակական կարծիք ձևավորվի, և ուղղափառ եկեղեցու հետ կոնսենսուս ձեռք բերվի, քանի որ բնակչության մեծ մասը ուղղափառ քրիստոնյաներ են»,– ասել էր Իլիա 2–րդը:

No comments: