Tuesday, July 5, 2011

Ալիևը հուսով է՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Օբամայի ջանքերն արդյունք կտան

Tert.am. 4-7-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է ուղարկել նախագահ Բարաք Օբամային և շնորհավորել ԱՄՆ–ի Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը։
Իր նամակում Ալիևը շնորհավորանքներից բացի խոսել է ադրբեջանա–ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին։
«Մեզ համար շատ կարևոր է Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Պարոն նախագահ, մենք մեծ հույսեր ենք կապում այն բանի հետ, որ մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը, մեր հողերի օկուպացմանն ու մեր հայրենակիցների՝ իրենց հայրենի օջախներից վտարմանը հանգեցրած ղարաբաղյան հակամարտության արդարացի և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորմանն ուղղված Ձեր պետության՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, և անձամբ Ձեր ջանքերը շուտով արդյունք կտան»,– նշվում է Օբամային ուղղված Ալիևի նամակում։

No comments: