Saturday, June 2, 2012

«Սարդարապատը» կոչ է անում քողազերծել քրեական օլիգարխիայի մաս կազմող, այսպեսկոչված, նոր ընդդիմության կեղծությունը

«Սարդարապատ» շարժումը հաղորդագրություն է տարածել, որը վերաբերում է հետընտրական շրջանի ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ և որում կոչ կա զգոն լինել նոր մարտահրավերների նկատմամբ։ Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև. Հերթական կեղծ ընտրություններով օրենսդիրի և կառավարության մասով վերարտադրված հանցավոր վարչախումբը առաջիկա տարիների համար իր ամբողջացումը ավարտին հասցնելու նպատակով առանց դադար առնելու անցել է վերարտադրության հիմնական` նախագահական մասի ապահովմանը: Ուստի, ինքնապահպանման բնազդին տրված, նա ի գործ է դրել քաղաքական ու գաղափարախոսական կեղծիքների և աճպարարությունների իր հարուստ զինանոցը` ջանալով բթացնել ժողովրդի զգոնությունը և նրա ուշադրությունը շեղել համազգային կենսական նշանակության հարցերից, որոնցից առաջնայինը վարչախմբի հեռացումն է: Սրան զուգահեռ` վարչախմբի վերարտադրությունը երաշխավորած արտաքին ուժերը, օգտվելով նրա կախյալության աստիճանի աճից, տրամադրած աջակցության ու հովանավորության դիմաց իրենց «վարձն ու փայաբաժինը» ստանալու նպատակով վերսկսել են Արցախի, ինչպես և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում հայ ժողովրդից միակողմանի զիջումներ կորզելու փորձերը: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը, հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, բոլոր ազնիվ քաղաքական և հասարակական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին, առանձին գործիչներին ու քաղաքացիներին, բոլոր հայ մարդկանց կոչ է անում` - զգոն մնալ և պատրաստ լինել ձախողեցնելու Արցախի, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում հավանական պարտվողական քայլերը, - քողազերծել հանրապետության քաղաքական իրականության ճահճացածությունը, հատկապես` ներիշխանական դաշտի շինծու տեղաշարժերը, քրեական օլիգարխիայի մաս կազմող այսպեսկոչված նոր ընդդիմության կեղծությունը և այս ամենով դրական փոփոխության հույսեր առաջացնելուն միտված վարչախմբի քայլերը, - զոհ չգնալ ներկա օրհասական վիճակում երրորդական նշանակության խնդիրներն արհեստականորեն առաջին պլան բերելու վարչախմբի փորձերին և չշեղվել քաղաքական օրակարգի գլխավոր` պետականության նորոգման հարցից, այլ ընդհակառակը` բացահայտել ու ձախողել այդ փորձերը, - շարունակել և հզորացնել քաղաքացիական պայքարը, ազատ մտքով ու ստեղծագործական մոտեցմամբ ձևավորել պայքարի նոր հարթակներ, ստեղծել ավելի նոր ու արդյունավետ մեթոդներ` այս ամենը ծառայեցնելով համազգային ներուժի համախմբմանը և, - ի հակադրություն քաղաքական կեղծ գործընթացներին, միահամուռ ջանքերով ակտիվացնել ու ծավալել այլընտրանքային ճանապարհով իշխանափոխության կատարման և նոր Հանրապետության հիմնադրման աշխատանքը:

No comments: