Wednesday, July 27, 2011

Ադրբեջանում կասկածի տակ են դնում Մեթյու Բրայզայի կնոջ թուրքական ինքնությունը

Tert.am. 26-7-2011- Ադրբեջանում հակաքրդական տրամադրությունները հասել են այն աստիճանի, որ կասկածի տակ է դրվում անգամ Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի կնոջ՝ Զեյնո Բարանի թուրքական ինքնությունը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են քրդական լրատվամիջոցները, Ադրբեջանում քուրդ ժողովրդի դեմ ուղղված ուծացման քաղաքականությանը նվիրված իր հոդվածում գրել է նախկին ոստիկանապետ Աքիֆ Սելիմովը։
Նշելով, որ Ադրբեջանում քրդերի դեմ ծայրահեղ ազգայնական տրամադրվածությունների ալիքն օրեցօր ահագնանում է, ադրբեջանցի նախկին ոստիկանապետը գրել է. «Բանը հասել է նրան, որ սկսել են քննարկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի կնոջ ինքնությունը։ Անգամ նրան հարցնում են՝ «Արդյո՞ք Դուք քուրդ եք»։ Դա ուղղակի խայտառակություն է։ Ադրբեջանում սկսել է իշխել «թուրքը թուրքից բացի այլ բարեկամ չունի» կարգախոսը, ինչի արդյունքում խտրականություն է իրականացվում Ադրբեջանում բնակվող մյուս ժողովուրդների դեմ»։
Աքիֆ Սելիմովը նշում է, որ իրենք շատ հաշտ ու համերաշխ ապրել են քրդերի հետ մինչև 1992թ.։ Սակայն այդ տարեթվից հետո Ադրբեջանում որոշ արմատական ուժերի կողմից օրակարգ բերվեց «թուրքականության» գաղափարը և սկսվեց ազգային փոքրամասնությունների և էթնիկական խմբերի դեմ իրականացվել ծրագրված ուծացման քաղաքականություն։
Մեթյու Բրայզայի ազգությամբ թուրք կինը՝ Զեյնո Բարանը, ծնվել է լրագրողի ընտանիքում։ Նրա հայրը՝ Ահմեթ Ուրան Բարանը, եղել է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի նախ Մոսկվայի, ապա Աթենքի ներկայացուցիչը։ բարանի մայրը՝ Ֆյուսուն Մութլուն, նույնպես լրագրող է եղել։ Զեյնո Բարանը ներկա պահին գլխավորում է Հադսոնի ինստիտուտի Եվրասիայի քաղաքականության հարցերով կենտրոնը
Նշենք, որ վերջին շրջանում մամուլում սկսել են ավելի հաճախ շրջանառվել լուրեր այն մասին, որ Բաքուն տարբեր տեսակի ճնշումներ է գործադրում ադրբեջանաբնակ քրդերի դեմ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը, ասել է
Ավելի վաղ Diplomata Kurdî թերթի սեփականատեր Թահիր Սուլեյմանն ասել էր, որ Ադրբեջանում բնակվող քուրդ ժողովուրդը կանգնած է ուծացման վտանգի առջև, և եթե այդ գործընթացը շարունակվի «Ադրբեջանում քուրդ ժողովուրդը կվերանա»։
Սուլեյմանը ադրբեջանաբնակ քրդերի անունից կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերացնել քրդերի մշակութային և կրթական խնդիրների հետ կապված բոլոր արգելքները։

No comments: