Tuesday, September 20, 2011

Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը փչացրին

«Լրագիր» 20-9-2011- Առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեցին, որ Սերժ Սարգսյանն օգտվի Հայաստանի անկախության տոնական առիթից եւ ստիպի, որ նրանք ընդունեն իր առավելությունն ու առաքելությունը:
Սերժ Սարգսյանը նրանց հրավերներ էր հղել անկախության առիթով հիմնական հանդիսություններին մասնակցելու համար, սակայն պարզվեց, որ Տեր-Պետրոսյանը եւ Քոչարյանը չեն ընդունում հրավերը, եւ անգամ Քոչարյանի դեպքում բացատրությունը, թե ինքը չի մասնակցի, որովհետեւ երկրում չի լինելու, այդքան էլ համոզիչ չի թվում. պարզ է, Քոչարյանը երկրում չի լինելու, որովհետեւ չի ուզում մասնակցել:
Փաստորեն, մենք ականատես եղանք Տեր-Պետրոսյան-Քոչարյան մի “համատեղ” որոշման, երբ այդ կետում նրանց շահերը ընթացան ոչ թե հանդիպակաց, այլ զուգահեռ` նույն ուղղությամբ: Երկու, թե երեք տարի առաջ մի մամուլի ասուլիսի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե չի բացառվում, որ ինչ որ ժամանակ մեկ էլ գործակցեն Քոչարյանի հետ, քանի որ քաղաքականությունը ենթադրում է նաեւ այդպիսի դեպքեր: Ներկաները դա ընկալեցին կատակով, ու Տեր-Պետրոսյանն ինքն էլ առանձնապես չպնդեց, թե լուրջ է ասում:
Բայց այդ տրամաչափի մարդիկ թերեւս գիտեն, թե ինչի մասին է պետք լուրջ հայտարարել, ու ինչի մասին է հնարավոր ակնարկել կատակով: Ու այժմ, թեկուզ անկախության տոնակատարությունների մասնակցության այդ փոքրիկ դրվագում, այդուհանդերձ նշմարվում է Տեր-Պետրոսյանի ակնարկ-կատակի հեռատեսականությունը` փոքր Հայաստան է եւ սուբյեկտների շատ նեղ շրջանակ, ու պետք է պատրաստ լինել զուգահեռ ժամանակահատվածների, որքան էլ որ դրանից առաջ եղել են մեծ դիմակայություններ:
Շատերը դա կհամարեն անբարո իրողություն, երբ տեղի է ունենում ասենք 2008, իսկ հետո հնարավոր է դառնում Տեր-Պետրոսյան-Քոչարյան համատեղ ինչ որ ընթացք, ուղղակի, կամ անուղղակի: Բայց, բարոյականության չափանիշներն ու նորմերը Հայաստանում հասցված են ըստ էության անբարոյականության աստիճան բարձր մակարդակի, երբ դրանք ոչ թե օգնում եւ ուղենշում են, այլ խանգարում են ցանկացած ընթացք, ցանկացած ոլորտում: Մեզանում ոչ թե բարոյականությունն է կյանքին ծառայում, այլ կյանքը հանդիսանում է բարոյականության ստրուկը կամ պատանդը, ինչը խեղում է թե բարոյականությունը, թե կյանքը: Դա իմիջիայլոց:
Իսկ մասնավորապես, տվյալ պարագայում, պետք չէ իհարկե հեռուն գնացող հետեւություններ անել, թե Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը կարող են գործակցել կամ պայմանավորվել ինչ որ հարցում: Բայց փաստն ինքնին հատկանշական է, երբ օրինակ տվյալ հարցում նրանց շահը համընկավ, եւ երկուսն էլ մերժեցին Սերժ Սարգսյանի հովանու ներքո կանգնելու առաջարկը:
Հայաստանում ստեղծվել է շատ հետաքրքրական իրավիճակ, եւ երկիրը լինելով աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկ, ներկայում վերածվում է նաեւ ներքաղաքական շահերի խաչմերուկի: Իրավիճակն առավել հետաքրքիր է նրանով, որ այդ խաչմերուկ հասած սուբյեկտները բացարձակապես գաղափար չունեն աջ, ձախ կամ ուղիղ տանող ճանապարհների մասին եւ չեն պատկերացնում, թե հատկապես որով պետք է գնան: Բայց ինչ որ մեկով գնալու են հաստատ: Այդ իրավիճակը, այսպես ասած ժողովրդական լեզվով ասած, պատկերավոր իմաստով, բնորոշվում է “շունը տիրոջը չի ճանաչում” տարբերակով:
Հայաստանի ներքաղաքական դաշտում “շունը տիրոջը” իսկապես չի ճանաչում, իսկ այդ դեպքում հնարավոր է ներքաղաքական ցանկացած, նույնիսկ անհավանական կոնֆիգուրացիա, որովհետեւ, ի տարբերություն ասենք “շների”, “տերը” նրանց շատ լավ է ճանաչում:
Ընդ որում, թող տարօրինակ չթվա, բայց Հայաստանի շանսը հենց դա է, որովհետեւ եթե Հայաստանը մնար միայն ներքին սուբյեկտների աշխարհաճանաչողության հույսին, ապա ներկայում դժվար է պատկերացնել, թե համաշխարհային կամ անգամ տարածաշրջանային ինչպիսի սուբյեկտության տեր էր լինելու պետությունը. միգուցե Հայաստանը վաղուց վերածված լիներ ընդամենը մի էլիտար թաղամասի կամ շենքի, որի ակամա վկայությունն է Հայաստանի անկախության եւ էլիտարվող Երեւանի տոնական միախառնումը, ինչը հուշում է Հայաստանի եւ Երեւանի ֆիզիկական նույնականացման ընթացքի մեջ գտնվող իշխանական ենթագիտակցության մասին:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյան-Քոչարյան ուղեգծին, թերեւս նույնիսկ վատ չէր լինի, եթե այն, ուղղակի, թե անուղղակի, Հայաստանի քաղաքական զարգացումներում որոշակիորեն ուրվագծվեր, Սերժ Սարգսյանին հուշելով, որ պետք չէ ամեն ինչ պատկերացնել շախմատի խաղատախտակի պես սեւ ու սպիտակ, համարելով, որ կարելի է դեռ երկար ժամանակ Տեր-Պետրոսյանին Քոչարյան հակադրել, իսկ Քոչարյանին էլ հակադրել Տեր-Պետրոսյան, ու այդպիսով սեփական իշխանության պահպանման հարցը համարել լուծված:
Մինչդեռ Սերժ Սարգսյանն արդեն երեք տարի է, ինչ կարծես թե զբաղված է հենց այդ մարտավարությունն առաջ մղելով: Եթե մենք բացառում ենք Տեր-Պետրոսյան-Քոչարյան քաղաքական ուղեգծի որեւէ կերպի նշմարումը քաղաքական գործընթացում, ապա Սերժ Սարգսյանի մարտավարությունը դառնում է գրեթե անբեկանելի եւ անսխալական: Խնդիրն այստեղ իհարկե ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ պետության ճակատագիրն է, որովհետեւ այդ մարտավարության հաջողության դեպքում Սերժ Սարգսյանը բացարձակապես ստիպված չէ մտածել համակարգային իրական փոփոխությունների մասին եւ դրանով ենթարկվել կլանա-օլիգարխիկ իշխանական համակարգի հետ կոնֆլիկտի ռիսկի: Սերժ Սարգսյանին այդ կոնֆլիկտին կարող է մղել մեկ այլ ռիսկ, ինչպիսին կարող է լինել հենց Քոչարյան-Տեր-Պետրոսյան համատեղ շահի թեկուզ ուրվագիծը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: