Tuesday, September 20, 2011

Պրետորիական գվարդիայի սելեկցիան

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, քաղաքագիտության դոկտոր, Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի հետ

-Բանակը համարվում է 20-ամյա Հայաստանի ձեռքբերումներից մեկը: Սակայն վերջին շրջանում այդ նույն բանակում պարբերաբար տեղի են ունենում սպանություններ ու ինքնասպանություններ: Ինչպես կգնահատեք կատարվողը:
-Անզեն աչքով տեսանելի է, որ Հայաստանի զինված ուժերը վերածվել են քրեական աշխարհի կարգերով ու օրենքներով առաջնորդվող մի կառույցի, որտեղ մենք երիտասարդ տղաների սերունդներ ենք խեղում: Մենք միայն սպանություններն ու ինքնասպանություններն ենք տեսնում: Խնդիրն իմ կարծիքով շատ ավելի մեծ է: Բանակում տեղի ունեցողը նաեւ ահազանգ է, որ մեր բանակը բարոյալքման, հետեւաբար՝ մարտունակության կորստի աղետալի ճանապարհի վրա է, այսինքն սա երկրի անվտանգությանը վերաբերող հրատապ խնդիր է, եւ ոչ միայն բանակում մեր երիտասարդ հայրենակիցների կյանքը, առողջությունն ու արժանապատվությունը պաշտպանելու խնդիր: Վերջապես, ես կասկած չունեմ, որ բանակում տեղի ունեցողը երկրից արտագաղթի պատճառներից մեկն է:

-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասում է, որ բանակում տարեցտարի արտակարգ պատահարների թիվը նվազում է, որ բանակում չկա անպատժելիության մթնոլորտ, որ իշխանությունները հետամուտ են լինում կատարվածի բացահայտմանն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն:
-Նման խիստ կասկածելի հայտարարություններ անելու փոխարեն Սեյրան Օհանյանը պետք է պատասխանատվություն ստանձներ բանակում իր՝ նախարարի պաշտոնն ստանձնելուց հետո տեղի ունեցած սպանությունների ու ինքնասպանությունների, դրանց մի հսկա մասի անպատիժ մնալու, բանակում քրեական աշխարհի կարգերը վերացնելու անկարողության, այս ամենի հետեւանքով Հայաստանի զինված ուժերի մարտունակության թուլացման համար ու հրաժարական տար: Չնայած ես այն կարծիքին չեմ, որ խնդիրը զուտ նախարարի վատ աշխատանքի հետեւանք է:

-ՊՆ կից հասարակական խորհրդի ղեկավար Գեղամ Հարությունյանն էլ կարծիք է հայտնել, թե այս ամենը հետեւանք է միջանձնյա հարաբերությունների ոլորտում եղած խնդիրների, նաեւ նշվում է, թե պարզապես հասարակության մեջ առկա երեւույթները թափանցում են բանակ, ու կատարվողը ոչ միայն բանակին է հատուկ, այլեւ՝ ողջ հասարակությանը:
-Կարդացել եմ պարոն Հարությունյանի հարցազրույցը: Մի հարցում նա հաստատ ճիշտ է. հնարավոր չէ առանձնացնել բանակում տեղի ունեցողը հասարակության մեջ առկա արժեքներից ու գործընթացներից: Բայց նրա կոնկրետ ախտորոշումը ավելի շատ բան կոծկում է, քան բացահայտում: Նախ, նրա մատնանշած հոռի բարքերի համար էլ պատասխանատվություն են կրում իշխող ռեժիմն ու դրա շահերն սպասարկող հասարակության հատվածը: Հետեւաբար, որպես այդ ռեժիմի ներկայացուցիչ նրա ասածը որպես մեղքի ընդունում պետք է դիտել, ոչ որպես առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու ձեւ: Երկրորդ, խնդիրը հոռի բարքերը չեն որպես այդպիսին: Խնդիրը քաղաքական է: Մեր բանակի այլասերումն ուղղակի հետեւանք է այն բանի, որ իշխող ռեժիմն իր գործողություններով ու քաղաքականությամբ բանակն աստիճանաբար վերածել է պրետորիական գվարդիայի: Սա ոչ մեկին չպետք է զարմացնի, որովհետեւ բանակից դուրս նույնպես ամբողջ պետական ապարատը հավաքագրվում ու աշխատում է նույն՝ պրետորիական գվարդիայի սկզբունքով, այսինքն՝ այդ ապարատի հիմնական գործառույթը իշխանությանը, եւ ոչ պետությանն ու ժողովրդին, ծառայելն է եւ այդ իշխանության վերարտադրությունն ապահովելը: Պատկերացրեք թե նման սկզբունքն ինչ սելեկցիոն մեխանիզմ է ենթադրում: Այսինքն՝ մարդկային ո՞ր տեսակն է նման ապարատում աշխատելն ու նման ֆունկցիա իրականացնելը պատվաբեր կամ առնվազն բարոյապես ոչ պրոբլեմատիկ համարելու: Մարդկային ո՞ր տեսակն է նման ապարատում իրեն լավ զգալու եւ առաջ գնալու: Քանի՞ գորշի արժեք են ունենալու ունենալու պրոֆեսիոնալ արժանիքները: Բացի այդ, բանակի կամ պետական ապարատի որեւէ այլ մասի վրա նման ֆունկցիաներ դնելը որոշակի գործարք է ենթադրում. ապարատն ապահովումն է ռեժիմի անվտանգությունն ու վերարտադրությունը, իսկ ռեժիմն աչք է փակում ապարատի կամայականությունների ու կոռումպացվածության վրա: Իսկ եթե հանկարծ նման ռեժիմը որոշի աչք չփակել, ապարատը պարզապես նրան գրողի ծոցը կուղարկի եւ շատ արագ: Ասվածի համատեքստում ուզում եմ հատուկ շեշտել այն, որ բանակը հենց որպես պրետորիական գվարդիա օգագործվեց 2001 թ: մարտի 1-ին: Նման բանի մասնակցած դարձած բանակը չէր կարող կարգապահության ու բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված լուրջ խնդիրներ չունենալ հետագայում: Այնպես որ, հասարակության հոռի բարքերը հոռի բարքեր, բայց բանակում տիրող իրավիճակի իրական բացատրությունը նկարագրածս քաղաքական համակարգն է:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Գեղամ Հարությունյանի այն հայտարարություններին, թե «մեր բանակում այս խնդիրների հաղթահարման ուղիներից մեկն էլ պայմանագրային զինծառայողների եւ ժամկետային զինծառայողների թվի հարաբերակցության փոփոխությունը պետք է լինի հօգուտ առաջինների»: Իրո՞ք սա կարող է լուծել խնդիրը: Եթե ոչ, ապա որո՞նք են խնդրի լուծման ուղիները:
-Դա էլ չի օգնելու, եթե քիչ առաջ նկարագրածս համակարգը պահպանվի: Իսկ եթե կարողանանք այդ համակարգը փոխել, ապա բանակում այս խնդիրները կարելի կլինի լուծել նույնիսկ ժամկետային ու պայմանագրային զինծառայողների այսօրվա համամասնության պայմաններում: Բանակում իրավիճակը փոխելու անհրաժեշտ, թեեւ ոչ բավարար պայմանը նկարագրածս համակարգի կազմաքանդումն է, բանակի ապաքաղաքականացումը եւ զինված ուժերի վրա շատ ամուր քաղաքացիական վերահսկողության սահմանումը: Միայն դրանից հետո է, որ հնարավոր կդառնա թե՛ հանցագործներին պատժելը, թե՛ բանակում պաշտոնների ու կոչումների բարձրացման այլ տրամաբանության ու պրակտիկայի ներդրումը: Դա իր հերթին սպայի կարիերան գրավիչ կդարձնի սպա լինելու արժանի երիտասարդներին, որոնք կկարողանան հրամանատար ու «զոն նայող» հասկացություններն իրարից տարբերել: Բանակում, ինչպես պետական ապարատի մյուս հատվածներում, կոռուպցիայի վերացումը նույնպես միայն հնարավոր կդառնա այդ համակարգի վերափոխմամբ: Բանակն այդ հարցում տարբեր չէ մյուս հաստատություններից, եւ այնտեղ եղած համակարգի պայմաններում բարեփոխումներ անելու մասին խոսակցությունները նույնքան անլուրջ են, որքան ասենք մաքսատանը բարեփոխումներ անելու մասին խոսակցությունները: Պետք է վերջապես թոթափել այն պատրանքը, որ կարելի է ասպիրինով քաղցկեղ բուժել: Քաղցկեղ բուժելու միակ հնարավորությունը վիրահատական միջամտությունն ու քիմոթերապիան են: Իհարկե, դրանք էլ երբեմն չեն օգնում, երբ բուժումը շատ է ուշացել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 20-9-2011.

No comments: