Tuesday, September 20, 2011

Դավութօղլուն, ի նշան Իսրայելի դեմ բողոքի, լքել է ՄԱԿ-ի նիստերի դահլիճը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ի նշան Իսրայելի դեմ բողոքի, լքել է ՄԱԿ-ում ահաբեկչության դեմ միջազգային պայքարին նվիրված համաժողովի դահլիճը:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Դավութօղլուն հրապարակավ լքել է դահլիճն այն պահին, երբ Իսրայելի փոխարտգործնախարար Դենի Այալոնը պատրաստվում էր հանդես գալ ելույթով:
Նշենք, որ ավելի վաղ Նյու Յորքում Դավութօղլուն հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որն Անկարային կոչ էր արել չփակել Թել Ավիվի հետ երկխոսության դուռը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նման կերպ Իսրայելի դեմ իր բողոքն էր արտահայտել Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար, ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը: Յալթայի եվրոպական ռազմավարության 8-րդ գագաթնաժողովին թուրք նախարարը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթի ժամանակ հրապարակավ լքել էր դահլիճը:

No comments: