Ապացույցը WikiLeaks-ի բացահայտումներն են

Այս առումով բավական ուշագրավ հարթակներում են գտնվում Հայաստանն ու Ադրբեջանը: Եթե մեր երկրի պարագայում WikiLeaks-ը չունի կամ ունի, բայց չի հրապարակում փաստեր, թե «որքա՞ն դժվար է աշխատել նախագահ Սերժ Սարգսյանի հետ` արտաքին քաղաքականության կամ ներքին հարցերի ոլորտներում», ապա հարեւան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասին WikiLeaks-ի ընթերցողն իմացավ անգամ այն, որ նա Վրաստանի նախագահին «հիմար բաներ խոսող է անվանում», կամ որ նրա կին` Մեհրիբան Ալիեւա գիզի Փաշաեւան «չի կարողանում շարժել դեմքի մի շարք մկաններ. Ադրբեջանի առաջին տիկինը ֆիզիկապես դժվարանում է ժպտալ»: Թե ի՞նչ կարող է սա նշանակել, թերեւս ավելի ճշգրիտ ցույց կտա միայն ժամանակը, սակայն կարելի է առնվազն ենթադրել, որ Արեւմուտքը անհրաժեշտություն է զգում Ալիեւի «գաղտնի հայտարարությունների» հրապարակման, այլ ոչ թե` Սարգսյանի: Ադրբեջանական «Ազադլիգ»-ին այս վերջին հանգամանքը եզրակացության հիմք է տվել. «Արեւմուտքն այլեւս չի ցանկանում աշխատել Իլհամ Ալիեւի հետ. այս մասին են վկայում նրա հետ տարվող բանակցությունների դետալների հրապարակումները, որոնցով բացահայտ կերպով ասվում է, որ հնարավոր չէ նրան մղել բարեփոխումների», գրում է «Ազադլիգը»: Ըստ ադրբեջանական աղբյուրի` հարեւան երկրում «հզոր խմբավորման վերածված» առաջին տիկնոջ` Մեհրիբան Փաշաեւայի ընտանիքը` «Փաշաեւների կլանը», կարողացել է համոզել Արեւմուտքին, որ «երկրում առկա այլ խմբավորումների համեմատ` նրանք պատրաստ են գնալ բարեփոխումների եւ աշխատել իրենց հետ»: Ավելորդ չենք համարում մեջբերել Բաքվում ամերիկյան դիվանագետներից մեկի գրագրությունը, որը նույնպես «անհայտ ճանապարհով» հայտնվել էր WikiLeaks-ում. «Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Փաշաեւան կարող է ցանկություն հայտնել դառնալու երկրի հաջորդ նախագահը», մի՞թե կարող են լինել այսքան «պատահականություններ»:
Որ Ադրբեջանում գործող ընտանեկան կամ տարածքային կլանները ամեն կերպ փորձում են ստանալ Արեւմուտքի աջակցությունը, գաղտնիք չէ: Օրինակՙ արտակարգ իրավիճակների նախարար, ինչպես անվանում են նրան, «արտակարգ նախարար»` Քյամալադին Հեյդարովը, որի հայրը, ինչպես ավելի վաղ գրել է «Ազգը», Հեյդար Ալիեւի մերձավորներից էր, ամենեւին էլ պատահաբար չի ընդունում, դիմավորում, «հարգում-պատվում», հյուրասիրում Բաքու այցելած ամերիկյան ու եվրո պաշտոնյաներին: Ի դեպ, որ Հեյդարովը նույնպես կարող է «Ադրբեջանի նախագահ դառնալու ցանկություն ունենալ», նույնպես գրում է WikiLeaks-ը: Հաջորդ խոշոր կլանը` «նախիջեւանյանը», երեկ հայտարարությամբ հանդես եկավ: Միլլի մեջլիսի պատգամավոր, վերոհիշյալ կլանի ներկայացուցիչ Էլդար Իբրահիմովը հարցազրույց տվեց «Կավկազինֆո»-ին, որտեղ հայտնեց վստահություն. «Իլհամ Ալիեւը նախագահը կընտրվի նաեւ հաջորդ ընտրություններում` 2013-ին», հայտարարեց Իբրահիմովը: Թե ինչո՞ւ Միլլի մեջլիսի «սովորական» պատգամավորը որոշեց հենց հիմա հայտնել իր այս «տարօրինակ» վստահությունը, տրամաբանական է. «Քանի որ` Արեւմուտքը չի ցանկանում աշխատել Իլհամ Ալիեւի հետ», ինչպես գրում է «Ազադլիգը», եւ Իլհամ Ալիեւը սատարման խնդիր ունի: Իսկ ո՞վ պետք է սատարի կրտսեր Ալիեւին, երբ կինը «Փաշաեւներից է», հոր հիմնական ընկերները «Հեյդարովներից են», իսկ ինքն էլ արմատներով նախիջեւանցի է... իհարկե, «նախիջեւանյան կլանը»:
Հատկանշական է նաեւ, որ «Ազադլիգ»-ին հայտնի է դարձել, թե ի՞նչ տեսակի բարեփոխում է ուզում Արեւմուտքը, առաջին հերթին, Իլհամ Ալիեւից. «Բարեփոխումների շարքում Իլհամ Ալիեւը պետք է վերացնի 2009-ի մարտի 18-ի հանրաքվեի արդյունքում նախագահական ընտրությունների հետ կապված օրենսդրական փոփոխությունը, ինչը բարեփոխումների հարցում Արեւմուտքի հիմնական պահաջներից մեկն է»: Հիշեցնենք` այս օրենսդրական բարեփոխմամբ. «Ադրբեջանի նախագահի պաշտոնում միեւնույն անձը կարող է ընտրվել անընդմեջ երկու նախագահական ժամկետից ավելին»: Հարկ չենք համարում նշել, թե ո՞ւմ համար է Իլհամ Ալիեւը այս օրենքը ընդունել, պարզապես նշենք, որ 2013-ին լրանում է կրտսեր Ալիեւի նախագահության հենց երկրորդ ժամկետը: Իսկ թե ինչո՞ւ է Արեւմուտքը դեմ այս փոփոխությանը, լավագույնս պատասխանում է «արաբական գարունը»:
Ինչեւէ` միջկլանային պայքարը հարեւան երկրում փաստորեն թեժանում է, որի հանգուցալուծումը կամ ժամանակավոր դադարը մենք կարող ենք տեսնել միայն 2013-ին, երբ Ադրբեջանում անցկացվեն նախագահական ընտրություններ: Կտեսնե՞նք այդ ընտրություններում մենք` բացառիկ երեւույթ, երբ ամուսինները պայքարում են միմյանց դեմ նախագահի պաշտոնի համար` «արտակարգ նախարարի» ընկերակցությամբ, դժվար է ասել: Սակայն Արեւմուտքը թերեւս «ըմբռնումով» պետք է մոտենա այս հարցին, մանավանդ որ կրտսեր Հեյդար Ալիեւը` Իլհամ Ալիեւի որդին, արդեն 5-10 տարի հետո, կարող է ստանալ այն, ինչ ստացավ իր հայրը «ադրբեջանական ազգի գլխավոր խորհրդանիշից»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
No comments:
Post a Comment