Tuesday, September 20, 2011

Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի գործով դատավարությունը

News.am. 20-9-2011- Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի սպանության գործով 20-րդ դատավարությունը։
Դատական նիստից առաջ Բոսֆորի ափին էին հավաքվել 400-500 ցուցարարներ, ովքեր կրում էին «Արդարություն Հրանտ Դինքի համար» , «Արդարություն մեզ համար», «Ոչ ֆաշիզմին» կոչերով պաստառներ։ Ցույցի մասնակիցների մեծ մասը թուրքեր էին։ Խմբի մեջ կային նաեւ հայեր ու քրդեր։
«Հրանտ Դինքի ընկերներ» այս ակցիան տեղի է ունենում արդեն 20-րդ անգամ։
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, ցուցարարները մինչեւ դատավարությունը երթով մոտեցել են դատարանի շենքին, որտեղ «Ակոս» թերթի խմբագիրն ընթերցել է «Հրանտ Դինքի ընկերներ»-ի կողմից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ավելի վաղ հղված նամակը։
Դատավարությունը, որը տեւեց միայն 10-15 րոպե, ավարտվել է նրանով, որ Հրանտ Դինքի դատապաշտպանները, որպես բողոքի նշան, դուրս են եկել դահլիճից՝ դատավորի կողմից դատավճիռն ընթերցելու ընթացքում։
Դատապաշտպանները բողոքում են, որ տեղի չի ունեցել լիարժեք նախաքննություն եւ դատավճիռ կայացնելու համար այսօր չկան բավարար փաստեր։
Դատական հաջորդ նիստը հավանաբար տեղի կունենա մի քանի օրից։

No comments: