Monday, September 19, 2011

Արցախի որոշ բնակավայրերում ադրբեջանական հեռուստաալիքներ են դիտում. նամակ Ստեփանակերտից

Tert.am. 19-9-2011- Ստեփանակերտից Հայկ Ղազարյանը նամակ է ուղարկել մեր խմբագրություն, որում մտահոգություն է հայտնում Արցախի որոշ բնակավայրերում հայկականի փոխարեն ադրբեջանական հեռուստաալիքներ դիտելու կապակցությամբ։ Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ։
«Ազգային նշանակություն ունեցող տեղեկատվության հասանելիության դժվարությունները պետության ամբողջականությանը վնաս են հասցնում, քանի որ տեղեկատվական հասարակության սահմանները անցնում են ոչ այնքան սահմանասյուններով, որքան լրատվական դաշտով, լրատվական բովանդակության միջով (կոնտենտով):
Դեռ 2005 թ. հունիսին Բերձորի և Շուշիի Բերդաձորի ենթաշրջանում «Արցախկապ» ՓԲԸ-ն ԼՂՀ կառավարության հետ համատեղ կազմակերպեցին հեռուստածրագրերի հեռարձակման աշխատանքներ, որի շնորհիվ գյուղական բնակավայրերի բնակչության մի մասը հնարավորություն ստացավ դիտել Հայաստանի Հանրային «Հ1», Արցախի Հանրային, Ռուսաստանի «1-ին ալիք» հեռուստաալիքները:
2005 թ. այս ալիքներով հնարավոր եղավ ապահովել միայն Բերձորի բնակչության 50 տոկոսին միայն։ Անցավ 6 տարի, բայց այդ 6 տարուց հետո Բերձորի շրջանում դեռ մնացին բնակավայրեր, որոնք մինչ այսօր հնարավորություն չունեն դիտել Հայաստանի և Արցախի հանրային հեռուստատեսությունները: Փոխարենը նշված տարածքներում կարելի է առանց որևէ մի խնդրի ադրբեջանական հեռուստաալիքներ դիտել: Հայկական հեռուստաալիքներ էլ կարելի է դիտել, բայց միայն արբանյակային ալեհավաքի միջոցով, ինչը նյութական խնդիրներ ունեցող գյուղացու համար բավականին թանկ հաճույք է: Մյուս կողմից՝ ի՞նչ խոսք կարող է լինել հեռուստատեսության մասին, երբ Բերձորում դեռ կան գյուղեր, որոնք նույնիսկ էլեկտրականություն չունեն: Ահա այսպես են վերաբնակեցման ծրագիր իրականացնում ԼՂՀ իշխանությունները:
Նման տխուր վիճակում են գտնվում նաև Արցախի այլ շրջանները: Հադրութի շրջանի Առաքյուլ, Բանաձոր, Տումի գյուղերում հեշտությամբ կարող են դիտել ադրբեջանական և իրանական հեռուստաալիքներ, բայց ոչ հայկական: Այս բնակավայրերում գաղափար անգամ չունեն, թե ինչ բան է համացանցը, և շատ դեպքերում նույնիսկ հնարավոր չի լինում օգտվել բջջային կապից: Վատթար վիճակում են գտնվում նաև Շահումյանի և Մարտակերտի շրջանի որոշ բնակավայրեր։ Օրինակ. Կոճողոտ և Տոնաշեն գյուղերի բնակիչները դարձյալ հնարավորություն չունեն դիտել հայկական հեռուստաալիքներ, իսկ ադրբեջանականը, ինչպես կռահեցիք, առանց որևէ մի խնդրի: Շահումյանի շրջանի մի մասում էլ բջջային կապ ընդհանրապես գոյություն չունի:
Ղարաբաղում Հայաստանի և Արցախի Հանրային հեռուստատեսությունների հեռարձակման համար պատասխանատու է ԼՂՀ-ում հեռուստա- և ռադիոծրագրեր վերահաղորդող «Արցախկապ» ՓԲԸ-ն, որը ԼՂՀ պետբյուջեից, ստացած տեղեկությունների համաձայն, 200 մլն դրամ է ստացել այդ աշխատանքներն իրականացնելու համար: Սակայն ակնհայտորեն երևում է, որ այս աշխատանքները բավականին դանդաղ են իրականացվում: Թեպետ ազնվության համար նշենք, որ Արցախի բավականին անհամաչափ ռելիեֆի պատճառով տարվելիք աշխատանքները որոշակի բարդությունների հետ են կապված:
«Արցախկապից» փորձեցի ճշտել, թե ինչու մինչ օրս Արցախի ոչ բոլոր բնակիչները հնարավորություն ունեն դիտել Հայաստանի և Արցախի հանրային հեռուստատեսությունները: «Արցախկապում» բացատրեցին, որ միայն գործադիր տնօրեն Սանասար Բաղդասարյանը կարող է ինձ տեղեկություն տալ, իսկ երբ խնդրեցի պարոն Բաղդասարյաի հեռախոսամարը տալ, ինձ քաղաքավարի կերպով մերժեցին և ասացին, որ հետո գամ։
Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ Հեռավոր Արևելքի որոշ շրջաններում չինական մեկնաբանությամբ ռադիոհաղորդումներ լսելն ավելի վտանգավոր է, քան չինացի գործարարների ու բանվորների «արշավը» դեպի Ռուսաստան: Իսկ երբ պատերազմական իրադրության մեջ գտնվող երկրիդ քաղաքացին հատկապես վերաբնակեցվող տարածքներումդ հայերենի փոխարեն երկրիդ N 1 թշնամի պետության հակահայկական հիստերիան է լսում՝ համեմված «օկուպացված տարածքներն ազատագրելու» կոչերով, երկիր, որի դեմ տեղեկատվական պատերազմ ես վարում, նույնն է թե՝ հրացանի փողն ուղղես քո հայրենակցի վրա, իսկ մյուս ծայրում ձգանի մոտ կանգնեցնես թշնամուդ»։

No comments: