Tuesday, September 20, 2011

Անարժանապատվության շքերթ

Հայաստանի անկախության տոնակատարության շարքում, այսպես ասած, ազգային հպարտության նպատակներով կազմակերպվելիք զորահանդեսը, ըստ էության, վերածվելու է ազգային խայտառակության, քանի որ այդ զորահանդեսին մասնակցելու և Հանրապետության հրապարակով անցնելու են ռուսական սահմանապահ զորքերը` իրենց դրոշով: Եվ այստեղ խորհրդանշական ու, մեծ հաշվով, խայտառակ է ոչ միայն ինքնին փաստը, որ մեր բանակի զորահանդեսով անցնելու են ռուս սահմանապահները, այլ նաև այն, որ հենց սահմանապահներն են անցնելու: Այլ կերպ ասած՝ մենք ցուցադրում ենք մեր եղած-չեղածը, թե՝ տեսեք ու սարսափեք, բայց անցնում են ռուս սահմանապահները, ցույց տալով, որ մեր եղած-չեղածը ոչինչ է, եթե այդ դարպասները ինքներս չենք կարողանում հսկել և տալիս ենք Ռուսաստանի պահպանությանը:
Դժվար է պատկերացնել որևէ անկախ ու ինքնիշխան պետության ավելի ցցուն նվաստացում, քան նմանօրինակ իրավիճակը կարող է լինել: Գուցե Հայաստանն այսօր իսկապես օբյեկտիվորեն ի զորու չէ ամբողջությամբ իրականացնել սահմանապահ գործառույթներ, և դա անում են ռուսները: Գուցե: Փորձենք մի պահ ենթադրել, որ մենք իսկապես անկարող ենք դա անել, և միակ ելքը մեր սահմանները ռուսներին հանձնելն է: Բայց մի՞թե պարտադիր էր անկախության 20-ամյակին ի ցույց դնել մեր այդ անկարողությունը: Չէ՞ որ ռուսների այդ մասնակցությունը ոչ թե մեր ուժն ու պաշտպանվածությունն է ի ցույց դնելու, այլ մեր անկարողությունը՝ կարծես բոլորին հուշելով՝ եթե ուզում եք անցնել մեր դարպասով, ապա ռուսների հետ լեզու գտեք` բանալին նրանց մոտ է:
Հնարավոր չէ՞ր արդյոք անկախության տոնը, հայկական բանակի զորահանդեսը զերծ պահել այդպիսի նվաստացուցիչ, անարժանապատիվ, անկախության խորհուրդը իրականում ոտնահարող դրվագից: Հնարավոր չէ՞ր արդյոք, որ գոնե անկախության քսանամյակի տոները անցկացնեինք մի քիչ ավելի ինքնուրույն, մի քիչ ավելի ինքնավստահ, մի քիչ ավելի համարձակ: Թե՞ ռուսներն իրենք են պարտադրել, որ այդ զորախումբը պետք է անպայման անցնի Հանրապետության հրապարակով, որ աշխարհը տեսնի ու իմանա,- եթե մինչև հիմա կասկածել է,- թե ով է այս հրապարակի ու այս երկրի իրական տերն ու տիրակալը: Ավելին՝ նույնիսկ պետք չէ բացառել, որ ռուսները այդ պարտադրանքին անգամ իրավական ուժ են տվել՝ ռազմակայանների տեղակայման ժամկետի մասին հայ-ռուսական համաձայնագրում ներառելով պայմանը, որ Հայաստանի անվտանգության ապահովմանը մասնակցելու պայման է նաև ռազմական շքերթներին ռուսական զորքի և դրոշի պարտադիր մասնակցությունը: Պետք է միայն հուսալ, որ պայմանը չի ներառում շքերթից շքերթ ռուսական զորքի թվաքանակի ավելացում հայկական զորքի թվի կրճատման հաշվին, երբ, ասենք, անկախության 40-ամյակի տոնին հրապարակում միայն ռուսական զորքեր ու ռուսական դրոշներ կլինեն:
Աղբյուր՝  1in.am Armenian .

No comments: