Monday, September 19, 2011

Այսօր մենք մեր ձեռքերով Հայաստանը հայաթափում ենք. Արամ Ա կաթողիկոս

Սփյուռքի կազմակերպությունների և ներկայացուցիչների` այսօր մեկնարկած համահայկական համաժողովին սուր երանգավորումներով հայրապետական ողջույնի խոսք հղեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Նրա խոսքով` անհրաժեշտ է վերջ դնել «մենք և դուք»-ի մտայնությանը և պետք է խորացնել հավաքական «Մենք»-ի գիտակցությունը: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի Սփյուռքին` որպես ազգի կենսական ներուժը ներկայացնող կարևոր հատվածի, Ջավախքի հայությանը` մարդկային իրավունքների պաշտպանության ու ազգային դիմագծի պահպանման առոմով, Հայաստանի հզորացմանը, Արցախի անկախության ամրապնդմանը և Սփյուռքի վերակազմակերպմանը:
«Մեր ազգի մեծագույն տագնապը այն փաստացի իրողությունն է, որ Հայաստանից արտագաղթը նույն թափով շարունակվում է: Մեր թշնամին ուզեց Հայաստանն առանց հայերի տեսնել: Այսօր մենք մեր ձեռքերով Հայաստանը հայաթափում ենք: Փտածության, կոռուպցիա կոչվող հիվանդության արագ ընթացքը, փոքրամասնության տնտեսական հղփացած վիճակը և դրա դիմաց մտավորականների, գրողների, ուսուցիչների ու ընդհանրապես ժողովրդի կենցաղային խեղճ պայմանները բարեփոխումների խիստ անհրաժեշտություն են զգում: Եկեղեցին չի կարող անտարբեր լինել այս վատառողջ երևույթների նկատմամբ»,- ասաց Արամ Ա կաթողիկոսը:
Նա վստահություն հայտնեց, որ համահայկական մտածողության մշակումը պետք է դարձնել մեր մտածողության, ծրագրերի և աշխատանքների կիզակետը` պահելով ու հարգելով Հայաստանի և Սփյուռքի մոտեցումների տարբերությունները` բնականաբար միշտ ի նպաստ հայության գերագույն արժեքների ու ընդհանրական շահերի:
Նշենք, որ համաժողովին, որը նվիրված է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին, մասնակցում են մոտ 50 երկրների հայկական համայնքների շուրջ 500 ներկայացուցիչներ: Համաժողովին ողջույնի խոսք հղեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հայրապետական օրհնության խոսքը բերեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը:
Նախատեսվում է, որ նախագահը ընդունելություն կկազմակերպի համաժողովի մասնակիցների համար:

No comments: