Monday, September 19, 2011

Եռագույնը ռուսական սապոգի տակ

«Լրագիր» 19-9-2011- Հայաստանում հասարակության, հատկապես քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող հասարակության մոտ նկատելի դժգոհություն է առաջացրել հանգամանքը, որ Հայաստանի անկախության 20-ամյակի ռազմական շքերթին մասնակցելու է նաեւ Ռուսաստանի սահմանապահ զորախումբը` ռուսական դրոշով:
Իսկապես դժգոհելու բան է, եթե խոսքը Հայաստանի անկախության ռազմական շքերթի մասին է: Բայց, մյուս կողմից, դա տրամաբանական հետեւանքն է այն իրողությունների, որոնք հետեւողականորեն հանգեցրել են այդպիսի իրավիճակի, ու եթե այդ իրողությունների դեմ չլինի համակարգային, հետեւողական պայքար եւ բողոք, ապա հետեւանքները աստիճանաբար էլ ավելի ցցուն են լինելու եւ խոցելու են մեր ազգային արժանապատվությունը, նրանց մոտ, ում մոտ այն պահպանվում է:
Բանն այն է, որ տարեցտարի, հետեւողականորեն, Հայաստանի անկախությունը հանձնվում էր Ռուսաստանին, ու հասարակական լրջագույն ընդվզում, լուրջ դժգոհություն կարծես թե չի առաջացել, չի եղել: Հասարակական լուռ համաձայնության ներքո են Հայաստանի ռազմավարական հզորությունները, էներգետիկ համակարգը հանձնվել Ռուսաստանին: Հայաստանի աստիճանական ռուսիֆիկացիան այդպես էլ չարժանացավ հանրային դիմադրության, իսկ քաղաքական դիմադրության մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է:
Միայն վերջին շրջանում է նկատելի, թե ինչպես է քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող մի զգալի հատված փորձում ընդդիմանալ այդ ռուսիֆիկացիային, որը ցավոք արդեն գրեթե վերջին ստադիայում է: Բայց կրկին` քաղաքական պայքարի մասին խոսք չկա: Երկրի այսպես ասած հիմնական ընդդիմություն համարվող Հայ ազգային կոնգրեսը ակնհայտորեն խուսափում է ռուսաստանյան որեւէ թեմատիկայից, էլ չասած այն մասին, որ Կոնգրեսի առաջնորդը իր հրապարակային տարբեր ելույթներում բացահայտ կամ բավական թափանցիկ կերպով ակնարկել է Ռուսաստանի հանդեպ այնպիսի լոյալության մասին, որը քիչ բանով է տարբերվում իշխանական լոյալությունից:
Մյուս ուժերը, որոնք հարաբերականորեն ակտիվ են ընդդիմադիր դաշտում` Ժառանգությունն ու Դաշնակցությունը, դժգոհություններ երբեմն հայտնում են, Դաշնակցությունը նույնիսկ ակցիա արեց Ռուսաստանի դեսպանատան դեմ, իսկ Ժառանգության առանձին գործիչներ էլ ակտիվորեն քննադատում են հայ-ռուսական հարաբերության տիրույթում առկա իրավիճակն ու արձանագրվող իրողությունները, բայց կարծես թե քաղաքական համակարգային պայքարի մասին խոսելու հիմքեր այդ դեպքում էլ գոյություն չունեն:
Հայաստանում գոյություն չունի քաղաքական բեւեռ կամ թեւ, որը հստակ եւ հայեցակարգային դիրքորոշմամբ հանդես կգա ներկայիս հայ-ռուսական հարաբերության քննադատությամբ, որտեղ ոչ միայն Հայաստանի իշխանությանը կմեղադրի, այլ նաեւ Ռուսաստանին կմեղադրի Հայաստանում դեստրուկտիվ տնտեսա-քաղաքական գործընթացներ եւ դեստրուկտիվ սոցիալ-քաղաքացիական միջավայր ձեւավորելու համար: Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը չեն համարձակվում Ռուսաստանի առաջ դնել կոնկրետ քաղաքական պահանջներ, ինչի վկայությունն այն է, որ չնայած բազմաթիվ առիթներին, Հայաստանի որեւէ քաղաքական ուժ այդպես էլ պաշտոնապես որեւէ ակցիա չարեց ՌԴ դեսպանատան առաջ: Առավելագույնը, որ արվել է, արվել է այսպես ասած երիտկազմակերպությունների անվան տակ:
Իսկ իշխանությունը, որի համար այդ միջավայրը բնականաբար նպաստավոր է, անում է հնարավորը, որ հայ-ռուսական ներկայիս հարաբերության եւ Հայաստանի կյանքում Ռուսաստանի դեստրուկտիվ դերակատարման վերաբերյալ քաղաքացիական խմբերի հարցադրումները ներկայացվեն որպես հակառուսականություն:
Իրականում սակայն, դա այն նույն հեքիաթից է, ինչ ասենք բանակի կամ այլ ոլորտի խնդիրների վերաբերյալ քննադատությունների պարագայում, որոնց դեմ չունենալով որեւէ առարկայական հակափաստարկ, իշխանությունը հակադրում է «օտար պատվերը» կամ «թշնամու ջրաղացը»:
Նույն կերպ փորձ է արվում ներկայացնել, որ ռուսական քաղաքականության դեմ խոսելը հակառուսականություն է: Մինչդեռ դա հասկացությունների նենգափոխման պարզունակ օրինակ է: Որեւէ մեկը դեմ չէ հայ-ռուսական հարաբերությանը: Ավելին, որեւէ մեկն այդքան տգետ չէ, որ չհասկանա, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանի հետ չունենալ լավ հարաբերություն:
Բայց մի բան է լավ հարաբերությունը, ու մեկ այլ բան է հայ-ռուսական ներկայիս հարաբերությունը: Դա լավ հարաբերություն չէ, դա կամ հայկական մազոխիզմ է, կամ ռուսական բռնաբարություն: Լավ հարաբերությունն այն է, երբ երկրները փոխադարձաբար են հարգում միմյանց շահը: Հայաստանի եւ Ռուսաստանի պարագայում այդ փոխադարձությունը գոյություն չունի եւ ռուսների համար հայկական շահ գոյություն ունի միայն որպես մի բան, որի վրա կարելի է ոտք դնել բարձրանալու համար: Այլ կերպ ասած. Այսպես ասած օտարալեզվով ասած` հայկական շահը ռուսական քաղաքականության համար մի «տաբուրետկա» է, որի վրա ռուսները ժամանակ առ ժամանակ կագնում են պահարանից բան հանելու համար:
Դա լավ հարաբերություն չէ, դա խաբեություն է: Ու խնդիրը ամենեւին այն չէ, որ Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունը: Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ խաբեությունը, ու հաստատի հարաբերություն, այնպիսի հարաբերություն, որը վայել է անկախ ու ինքնիշխան երկրին, ով գիտե հարգել սեփական շահը, իմանալով, որ աշխարհում ցանկացած պետություն, այդ թվում Ռուսաստանը հարգում է միայն նրան, ով հարգում է ինքն իր շահը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: