
«Ազգի» հարցը վերաբերում էր Պուտինի եւ Մեդվեդեւի փոխատեղմանը: Էվանսը նշեց, որ իր համար այդ իրավիճակը լիովին կանխատեսելի էր, երեք տարի առաջ էր դեռ կանխատեսել նման սցենարը, նշելով, սակայն, որ հայերս, որպես շախմատ խաղացող, պետք է գլխի ընկնենք, թե այդ մանեւրը ինչ է նշանակում: Բայց ամերիկացիների համար, որոնցից միայն Բոբի Ֆիշերն էր շախմատ խաղում, բավական տարօրինակ մանեւր է տեղի ունեցածը: Նա նաեւ հիշեց, որ ինքը շատ լավ գիտի այդ մարդկանց, քանի որ Ռուսաստանում ժամանակին հյուպատոս էր, այդ մարդիկ Պետերբուրգի թիմի ներկայացուցիչ են, բայց եւ նշեց, որ ինքը իր հյուպատոս եղած ժամանակ չէր պատկերացնի, թե նրանք առաջնորդելու են Ռուսաստանը:
Անդրադարձ անելով հայ-թուրքական արձանագրություններին` Էվանսը նկատեց, որ եթե մտածեին, թե գործընթացը ձախողվելու է, չէին էլ սկսի: Այդ կարգի թնջուկները լուծելու համար պետք է փոքր քայլերով առաջ գնալ, քանի որ դիվանագիտությունը հնարավորի արվեստ է, մինչդեռ երկու կողմից ափսեի վրա մեծ չափաբաժիններ դրվեցին. հեշտն այն կլիներ, որ այդ հարցերը մեկիկ-մեկիկ լուծումներ ստանային կամ քննարկվեին: Մի խոսքով` կողմերը շատ են կերել, ու նրանց փորը ցավում է, եզրակացրեց հանդիպումը վարող Արամ Աբրահամյանը` հետաքրքրվելով, թե արդյո՞ք պետք է սպասել, մինչեւ դիմացինը սովածանա: Էվանսը պատասխանեց, որ հիմա կողմերը խորհրդարանական գործընթացի են սպասում, քանի որ նորից զրոյական վիճակի դառնալը կամ նույն գետը երկրորդ անգամ մտնելը հնարավոր չէ: Բայց եւ` ո՛չ պետք է անտեսել թուրքերի` արձանագրությունները խորհրդարան վերադարձնելու փաստը, ո՛չ էլ շատ ոգեւորվել:
ԼՂ հարցի կարգավորումը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մրցակցության օբյեկտ դիտարկող հարցին ի պատասխան էլ հակադարձեց. «Այդպիսի բան չկա, այդ հարցում համագործակցություն է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ»: Ընդհանրապես, ըստ նրա, միջնորդ երեք երկրների միջեւ միշտ էլ շատ լավ համագործակցություն է եղել, անգամ երբեմն` գերազանց, եւ դա շարունակվում է:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
No comments:
Post a Comment