Thursday, October 13, 2011

ԱՍԱԴԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՈՐՊԵՍ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՔՐԴԵՐԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ»

«ԱԶԳ», 13-10-2011- Այդ մասին, ինչպես երեկ տեղեկացրել է «Դունիա բուլթենի» կայքէջը, նախորդ համարում գրել է ԱՄՆ-ում «նոր պահպանողականների» խոսափող «Ուոլ սթրիթ ջոռնըլ» թերթը: Դրա համար առիթ է հանդիսացել քուրդ առաջնորդ Մեշալ Թամոյի սպանությունը Սիրիայում: Թե ի՞նչ առնչություն ունի այս սպանությունը քրդերին Թուրքիայի դեմ օգտագործելու հետ, չգիտենք: Հավանաբար գիտի «Ուոլ սթրիթ ջոռնըլի» խմբագրությունը, մեկ էլ այս թերթին կեղծիք տարածելու համար շռայլորեն ֆինանսավորող «նոր պահպանողականները»:
Հետեւաբար ամերիկյան թերթի գրածները պետք է ընդունել ոչ թե որպես ճշմարտություն, այլ վերագրել Սիրիայի նկատմամբ առավել թշնամաբար տրամադրված ամերիկյան շրջանակների նկրտումներին: «Ուոլ սթրիթ ջոռնըլի» հրապարակումը թերեւս այդ նկրտումների առումով է կարեւորվում: Ամերիկյան թերթը գրում է, որ Սիրիայի քուրդ փոքրամասնությունը նախքան Թամոյի սպանությունը գրեթե անտարբեր էր հակակառավարական ցույցերի նկատմամբ, որեւէ լուրջ դեր նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարում չէր ստանձնում: Սակայն «մեծարգո Թամոյի սպանությունից» հետո քրդերի դիրքորոշումը էապես փոխվեց, այսպիսով մինչ այդ ոչ ընդդիմությանն աջակցող, ոչ էլ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող Սիրիայի քրդերը սկսեցին հետզհետե փողոց դուրս գալ:
Ըստ «Ուոլ սթրիթ ջոռնըլի», թեեւ դա նախագահ Ասադի դեմ պայքարում կուժեղացնի ընդդիմության դիրքերը, սակայն անհանգիստ քուրդ բնակչություն ունեցող երկրներն էլ, մասնավորապես Թուրքիան, ստիպված կլինեն չափավորել Ասադի վարչակարգի նկատմամբ որդեգրած դիրքորոշումն ու ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունը:
Ամերիկյան թերթի հավաստմամբ, Սիրիայի կառավարությունը կարող է քրդերի ակտիվացման միջոցով նախազգուշացնել Անկարային, որ զերծ մնա Ասադի վարչակարգին հակադրվելու դրսեւորումներից եւ չի բացառվում, որ նա քրդական սպառնալիքն արդեն օգտագործում է Թուրքիայի դեմ:
Հարկ է նշել, որ «Ուոլ սթրիթ ջոռնըլի» խնդիրը նախագահ Բաշար Ասադի նկատմամբ Թուրքիայի որդեգրած թշնամական դիրքորոշման չափավորումը չէ, այլ Սիրիայի թուրքական սահմանի քուրդ բնակչության ակտիվացումը:
Ակտիվացման դեպքում, ինչ խոսք, Սիրիայի քրդերը կդիտարկվեն Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիք, ինչպես Հյուսիսային Իրաքում է դիտարկվում, այսպիսով հնարավոր կլինի համոզել թուրքերին Հյուսիսային Սիրիայում նույնպես ռազմական գործողություններ իրականացնելու անհրաժեշտության մեջ, որպեսզի թուրքական զինված ուժերը ներքաշվեն սիրիական բանակի հետ անմիջական բախումների մեջ:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: