Sunday, October 23, 2011

Նալբանդյանը խոսել է հայ-ռուսական ռազմական համագործակցության մասին

Tert.am. 22-10-2011- Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրի 5-րդ արձանագրությունում, որն անցյալ տարի ստորագրվել է ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ, դրույթ կա այն մասին, որ ռուսական ռազմաբազան ՌԴ-ի շահերի պաշտպանությանը զուգահեռ Հայաստանի Զինված ուժերի հետ միասին ապահովում է ՀՀ անվտանգությունը։ Այս մասին ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում։ «Այս նպատակների իրականացման համար Ռուսաստանն աջակցում է Հայաստանին ժամանակակից ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերման հարցում։ Սրանով ամեն ինչ ասված է»,- ասել է նա ի պատասխան այն հարցի, թե երաշխավորո՞ւմ են արդյոք Ռուսաստանի տրամադրած սպառազինությունները պաշտպանողականության բավարար մակարդակի ապահովումը, թե՞ հայկական կողմը Ռուսաստանից ավելի մեծ ծավալի սպառազինություն կցանկանար ստանալ։
«Ծրագրվո՞ւմ է Հայաստանում Ռուսաստանի հետ համատեղ պաշտպանական ձեռնարկությունների ստեղծում, մասնավորապես, սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման գծով» հարցին ի պատասխան Նալբանդյանն ասել է.
«Հենց նորոգման և տեխսպասարկման հարցով Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել»։ Նա նշել է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունները քայլեր են ձեռնարկում այդ հուշագրում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։

No comments: