Sunday, October 23, 2011

Ալբերտինա Սոլիանի. Թուրքիան պետք է ընդունի և ճանաչի հայոց եղեռնի փաստը

Panorama.am. 22-10-2011- Եռօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իտալիայի Սենատի Եվրոպական Միության քաղաքականության հարցերով հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ տիկին Ռոսսանա Բոլդիի գլխավորությամբ այսօր այցելել է Հայոց եղեռնի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշարձան համալիր, որտեղ ծաղիկներ են դրել 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին:
Այնուհետև հյուրերը Ցեղասպանության թանգարանում ծանոթացել են թանգարանի նմուշներին, ցեղասպանության մասին պատմող նյութերին:
Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալբերտինա Սոլիանին, անդրադառնալով Հայոց եղեռնի խնդրին, լրագրողների հետ զրույցում ասել է. «Ամեն տարի Իտալիայի Պառլամենտի և Սենատի կողմից ընտրվել են խմբեր, որոնք կարողացել են հենց այս հարցը բարձրացնել Իտալիայի խորհրդարանում: Նրանք համարվում են մարդիկ, ովքեր ցանկանում են ինչ-որ չափով աջակցել և օգնել քույր երկիր Հյաստանի հարցի լուծման և ճանաչման համար: Մարդիկ պետք է ունենան պաշտպանված իրավունքներ, երբ ապրում են 21-րդ դարում, որտեղ մարդկանց իրավունքները ոտնահարել չի կարելի:
Տիկին Սոլիանին նշեց, որ կան խմբեր, որոնք պայքարում են Հայոց եղեռնի ճանաչման համար: Նա նաև մատնանշեց 1913-15 թվականներին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի օրագիրը, որտեղ հեղինակը գրել է հայոց ցեղասպանության ու եղեռնի տարիների մասին:
Հարցին, թե եղեռնի 100-ամյակին ընդառաջ, հնարավոր է, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը և օգտագործվո՞ւմ է արդյոք «եղեռն» բառը, Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահը պատասխանեց.
«Նախ, ասենք, որ այն խումբը, որ ստեղծվել է հայ-իտալական բարեկամության հետ առնչվող, իրենք օգտագործում են «եղեռն» բառը, սակայն մենք էլ քաջ գիտակցում ենք, որ խորհրդարանում ինչ-ինչ քննարկումներ կան այդ բառի և օգտագործման հետ կապված:
Թուրքիան կարևոր երկիր է և կարևորություն է ներկայացնում բոլոր եվրոպական երկրների համար, սակայն, այս ամենը գիտակցելով, նա ևս պետք է ճանաչի իր կարևորությունը և ճանաչի այն, ինչ կատարել է տարիներ առաջ հայոց երկրի, հայ ժողովրդի հետ: Թուրքիան գիտակցելով պետք է ընդունի և ճանաչի եղեռնի փաստը: Մեզ մոտ կա Սանդրա Ձամփին` Խորհրդարանի ստորին պալատի անդամ ու Հայոց եղեռնի համար գործող կարևոր անձանց խմբի անդամ, ով ստորագրություններ է հավաքում ապրիլի 24-ի համար, որ մի շատ կարևոր օրենք ուժ ստանա, որպեսզի Իտալիայում ևս թե խորհրդարանի, թե կառավարության կողմից ճանաչվի ապրիլի 24-ը` որպես Հայոց եղեռնի զոհերի հիշատակի օր:
Հյուրերն այսօր այցելելու էին նաև Մատենադարան, Փարաջանովի թանգարան, ինչպես նաև նախատեսվում էր հանդիպում ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ, ապա` ճաշ Իտալիայի դեսպանատանը:

No comments: