Monday, October 24, 2011

ԿԱԴԴԱՖԻՆ ԵՎ ՄԵՆՔ

Կադդաֆիի իշխանությունը տապալվեց:
Նա չհետևեց արաբ մյուս ղեկավարների օրինակին և ինչպես խոստացել էր պատերազմեց մինչև վերջին փամփուշտը: Լիբիայում կատարվածը մարդկային պատմության առաջին հեղափոխությունն է, որն իրականանում է ՆԱՏՕ-ի ռմբակոծիչների մասնակցությամբ, ասում է «Նյու Յորք Սիթի» համալսարանի պրոֆեսոր` Երվանդ Աբրահամյանը :
Բռնապետությունների տապալվելը անխուսափելի է. Համացանցում, տարածված տեսանյութերը ապացուցում են, սակայն, որ Կադդաֆին ձերբակալվեց և անմիջապես գնդակահարվեց, առանց դատ ու դատաստանի` չնայած ապստամբների իրավական պետություն ստեղծելու հավաստիացումներին: Սպանությունը ստեղծեց մի խոց, որը բացվելու է ժամանակի ընթացքին, որին ականատես կդառնան Լիբիայի ժողովուրդը և աշխարհը:
Կադդաֆին սեփական փառասիրության և տգիտության զոհը դարձավ, իր ժողովրդին էլ զոհի վերածելով և երկիրը նվիրելով օտարներին: Իշխանության փլուզման ենթահողը, որին հաջորդեց ութամսյա ռմբակոծումը, չստղծվեց դրսից` օտարների միջոցով, այլ հենց Լիբիայում, Կադդաֆիի և իր անմիջական շրջապատի կողմից:
Նրա, Լիբիային պատճառած ամենամեծ վնասը, ո’չ տնտեսական քայքայումն էր և ո’չ ներկա պատերազմի ավերները, այլ այն հարվածը, որ նա հասցրեց իր ժողովրդի գիտակցությանը:
Կադդաֆին և իր մերձավորները ժողովրդին զրկեցին իշխանության և երկրի ճակատագրում ունենալիք դերակատարությունից: Դավաճանված և հուսահատ ժողովուրդը իր փրկությունը սկսեց որոնել ամենուր` բացի սեփական իշխանությունից: Եվ, որքանով որ Կադդաֆին իր ձախողությունների պատասխանատուն ներկայացնում էր օտար տերություններին, նույնքանով ժողովուրդը ավելի էր հարում նրանց:
Սա է այն ողբերգական և անխուսափելի ճակատագիրն, որին ենթակա են դառնում սեփական ժողովուրդը արհամարհող իշխանությունները:
Լիբիայի բռնապետը ծնվել էր 1942թ.-ին և իշխեց 42 տարի. նա իշխանությունը նվաճեց` 1969թ.-ին և սպանվեց 69 տարեկան հասակում:
  «Հայաստան» շաբաթաթերթ, 24.10.2011, թիվ 749
, Աթենք

No comments: