Monday, October 24, 2011

Իսկ ով է գեներալներին “մերկացնելու”

«Լրագիր» 24-10-2011- Հայաստանի Հանրապետությունում, ինչպես միշտ, գտան ընդդիմախոսության դեմ պայքարի “արդյունավետ” ձեւը: Խոսքը բանակում արձանագրվող ողբերգությունների մասին բարձրաձայնող եւ լուծումներ պահանջող հանրային շարժման դեմ սկսված իշխանական քարոզարշավի մասին է: Առաջին հայտարարությունն արեց պաշտպանության փոխնախարար Վովա Գասպարյանը, ով հայտարարեց, թե բանակի դեմ խոսում են “անհայրենիք” մարդիկ, որոնք դրամաշնորհներ են ստանում արտասահմանից:
Հետո գործի անցավ իշխանական քարոզչության ծանր հրետանին` Հանրային հեռուստաընկերությունը, որը սկսեց “մերկացնել” այն ՀԿ-ների ֆինանսական գործունեությունը, որի ներկայացուցիչներն ու ղեկավարները բանակում կատարվող հանցագործությունների դեմ հանրային շարժման ակտիվ մասնակիցներ են:
Իշխանությունն ըստ երեւույթին մտածեց երկար, ու չգտնելով ընդդիմախոսությանն ու հանրային պահանջատիրությանը տրվելիք առավել փաստարկված պատասխան, որոշեց ինչպես միշտ դիմել այդ “օտարերկրյա պատվերի” տարբերակին ու մարդկանց մեղադրել այդ պատվերները կատարելու համար, սկսելով հաշվել, թե ով ինչքան փող է ստացել արտասահմանյան դրամաշնորհների տեսքով:
Իրականում, այդ մեղադրանքը ոչ այլ ինչ է, քան տարրական անգրագիտություն կամ էլ այդպիսին ձեւանալու դրսեւորում: Բանն այն է, որ դրամաշնորհները տրվում են միանգամայն բացահայտ կերպով, ենթարկվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, հարկվելով այդ օրենսդրությամբ: Այսինքն, պետությունն այդ դրամաշնորհներից նաեւ հարկ է ստանում: Ու ստացվում է, որ պետությունն ինքն էլ ինչ որ կերպ առնչվում է իր դեմ հյուսվող “համաշխարհային դավադրությանը”: Համենայն դեպս դեռեւս չի եղել մի դեպք, երբ իշխանությունը հրաժարվի դրամաշնորհային ծրագրերի հարկումից, ասելով, թե այդ փողերը “դավադրություն” են Հայաստանի դեմ:

Սա թերեւս բավական է, որպեսզի պատկերացվի իշխանական քարոզչամեքենայի հյուսած հակափաստարկային այդ պարապության ամբողջ զավեշտալիությունը: Բայց, կա եւս մեկ հետաքրքրական օրինակ: Հայաստանի իշխանությունն ինքն էլ բավական սիրով օգտվում է միջազգային դրամաշնորհներից կամ ֆինանսական օգնությունից:

Օրինակ, բոլորովին վերջերս Եվրամիություն էր այցելել Հայաստանի Հանրապետության վարչապետը: Եվրամիության պաշտոնյաները նրա հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ ինչքան շատ բարեփոխում կանի Հայաստանը, այդքան շատ ֆինանսական օժանդակություն կստանա Եվրամիությունից: Ու Հայաստանի վարչապետը, պատկերացրեք, ոչինչ չասաց այն մասին, թե Եվրամիություն, դու մեզ մի ասա մենք ինչ անենք:

Իհարկե լավ է, որ վարչապետն այդպիսի բան չասաց, այլապես Եվրամիության առաջ կհայտնվեր անհեթեթ վիճակում, այդպիսի վիճակում դնելով նաեւ Հայաստանը: Այդօրինակ տոնով, թե աշխարհի, թե սեփական քաղաքացիների հետ, խոսում է միայն այն իշխանությունը, որի մտածողությունը գտնվում է միջնադարյան մակարդակում: Ժամանակակից աշխարհում բոլորն են հասկանում փոխկապակցվածության անխուսափելիությունը, միեւնույն ժամանակ հասկանալով, որ այդ փոխկապակցվածությունից օգտվելը սեփական հնարամտության եւ հեռատեսության արգասիք է, իսկ դրանից տուժելը, կամ դժբախտանալը` սեփական անգիտության, ոչ թե դիմացինի խորամանկության կամ ստորության:

Բայց, լավ կլինի, որ Հայաստանի այն պաշտոնյաները, ովքեր ոչ միայն արտաքուստ, նաեւ ներքին համոզումով են հասկանում, որ Հայաստանի հզորությունն ու առաջընթացը կախված են ոչ թե “դավադրահեն”, այլ “գիտելիքահեն” աշխարհայացաքի առկայությունից, չլռեն Հայաստանում եւ իշխանական շրջանակներում հետեւողականորեն բացատրեն, որ “դավադրություններ մերկացնելով”, պետության մեջ առկա ոչ մի հիմնարար խնդիր չի լուծվում, որեւէ զինծառայողի կյանք չի դառնում առավել ապահով եւ պաշտպանված, բանակը չի դառնում բարոյապես եւ ոգեպես ավելի ամուր, ավելի պինդ, մարտունակ, հասարակությունն ավելի չի վստահում իր իշխանությանն ու բանակին, առավել մեծ սիրով չի ուղարկում իր որդիներին Հայաստանին ծառայելու:

Օրինակ, հուսադրող էր “Բանակն իրականում” նախաձեռնության մասնակիցների այն խոսքը, որ նրանք մամուլին փոխանցել էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո, որ Տոնոյանը դրամաշնորհների օգնությամբ աշխատող ՀԿ-ների մասին ամենեւին էլ չէր արտահայտվել այն տոնով, ինչով Վովա Գասպարյան կոչվող փոխնախարարը: Ավելին, “Բանակն իրականում”-ի մասնակիցները հայտնել էին, որ Դավիթ Տոնոյանը նշել է, թե Վովա Գասպարյանի արտահայտությունների հարցը հավանաբար կքննարկվի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերադարձից հետո:

Եթե Տոնոյանի այդ մոտեցումը նախարարությունում առաջ շարժվի, ապա կարելի է ասել, որ օրինակ այդ մասով կա “գիտելիքահեն” մտածողության առաջընթաց, որը կարող է դրական նշանակություն ունենալ բանակի կառավարման արդյունավետության տեսանկյունից: Բայց, պետք է առաջ գնա ոչ միայն հայտարարությունների տեսանկյունից, այլ արագ եւ լայնածավալ աշխատանքի:

Օրինակ, այդպիսին կարող է լինել, ՀԿ-ների փողերը հաշվելու փոխարեն, ընդ որում միանգամայան օրինականորեն, ՀՀ օրենսդրությանը համապատասխան ստացվող ու ծախսվող փողերը հաշվելու փոխարեն, Հայաստանի բանակի բարձրագույն գեներալակազմի ֆինանսական վիճակը “մերկացնելը”: Ինչ բիզնեսներ ունեն մեր գեներալները, ինչ տնային, ամառանոցային, արձակուրդային, տրանսպորտային պայմաններում են նրանք ապրում, ինչ փողեր եւ որտեղից են աշխատում, որ վարում են մի քանի տասնյակ հազար դոլարանոց, իսկ երբեմն էլ նաեւ հարյուր հազար դոլար և գերազանցող ավտոմեքենաներ, ինչ փողերով են համանման թանարժեք եւ շքեղ կյանքով ապրում նրանց հարազատները: Որքանով է Հայաստանի օրենսդրությանն ու ռազմաստրատեգիական պահանջներին բավարարում բիզնեսմեն-գեներալ արտահայտությունը, եթե այդ գեներալը շարունակում է աշխատել բանակում:

Չէ որ այդ գեներալն ավելի շատ մտածում է ոչ թե բանակի, այլ իր անձնական բիզնեսի կառավարման արդյունավետության մասին: Մինչդեռ բանակի կառավարումը, առավել եւս որպես բնույթով պահպանողական կառույց, ենթադրում է բրգաձեւ կառուցվածք եւ արդյունավետությունը պետք է իջնի վերից վար` այդ թվում եւ պատասխանատվությունը բանակում առկա իրավիճակի, թերացումների եւ հանցագործությունների համար, անկախ նույնիսկ կոնկրետ հանցագործություն կատարողից:
Հանցանքի անմիջական կատարողները կարող են լինել զինվորներ, կամ կրտսեր սպայական կազմի ներկայացուցիչներ, սերժանտներ: Բայց, միեւնույն է, պատասխանատվությունը պետք է իջնի վերից վար, որովհետեւ եթե կրտսեր սպայական, սերժանտական կազմում իրավիճակը հանցածին է, ապա դրա “ծնողները” անարդյունավետ կառավարում իրականացնող վերադասներն են:

Ահա այդ տեսանկյունից, թերեւս շատ ավելի արդյունավետ կլինի, որ “մերկացվի” գեներալակազմի ֆինանսական գործունեությունը, նաեւ շատ կարեւոր է այդ գեներալակազմի այսպես ասած մասնագիտական կարողությունները, ռազմա-քաղաքական պատկերացումները “մերկացնելը”, պարզելու համար` այդ մարդիկ համապատասխանում են պետության բանակ, թե քրեական ռազբորկաներ կամ “բազարներ” կառավարելուն:

Այլապես, հասարակական նախաձեռնությունների, քաղաքացիական ակտիվիստների վրայից շորերը հանելու եւ այդպիսով իշխանության փաստարկային մերկությունը ծածկելու փորձերն ընդամենը Հայաստանի առանց այդ էլ սուղ ֆինանսնական, տեխնիկական, մարդկային եւ բարոյական ռեսուրսների անիմաստ վատնում է, որից պետությունը չի շահում ոչինչ, իսկ կորցնում է առնվազն ժամանակ, որն ինչպես երեւում է, Հայաստանի քաղաքացիների կյանքի գին ունի:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: