Monday, October 24, 2011

Տեսնես ինչ կա սարի հետեւը

Ազգագրագետ Ալինա Պողոսյանի հետ զրուցել ենք միգրացիայի խնդիրներից

-Ալինա, Դուք թեկնածուական թեզ եք գրում միգրացիայի թեմայով: Վերջին տարիների մեծ թվերին հասնող միգրացիան ինչի՞ հետևանք եք համարում:
-Իմ թեկնածուականն ավելի շատ մշակութային հարցեր է քննարկում, քան սոցիալական կամ վիճակագրական: Բայց եթե անդրադառնում ենք միգրացիայի պատճառներին, ապա պարզ կարող եմ այսպես ասել. կամ մարդը բավարարված չէ իր կյանքով հայրենիքում և որոշ հանգամանքներ նրան դրդում են հեռանալ այնտեղից, կամ մարդը բավարարված է, սակայն արտերկրում առկա որոշ գործոններ նրան ձգում են, և նա որոշում է մեկնել իր պատկերացրած երջանկությունն ու լավ կյանքն այնտեղ գտնելու: Հայաստանի դեպքում 90-ականներից ի վեր արտագաղթը շարունակվում է (մինչև 90-ականներն էլ եղել է), բայց տարիների ընթացքում փոխվում են մարդկանց մեկնելու դրդապատճառները: 90-ականներին մարդիկ դժգոհ էին աշխատանք չունենալուց, աղքատությունը մեծ ծավալների էր հասնում, մարդիկ խնդիր ունեին իրենց առօրեական կենսական պահաջները բավարարելու: 2000-ականներին պատկերը փոխվում է. շատերն արդեն մտածում էին մասնագիտությամբ կամ բարձր վարձատրվող աշխատանքի մասին: Վերջին տարիների դրդապատճառները, ըստ իս, դարձյալ փոխվում են. մարդկանց պահանջմունքների բարձրացման հետ մեկտեղ: Ձևավորվել է մի շերտ, որն արդեն լուծել է ամենօրյա հացն ապահովելու խնդիրը և արդեն սոցիալական արդարություն է փնտրում, ռեալիզացիայի հնարավորություն, ուզում է վստահ լինեն, որ եթե զանգի շտապօգնություն, շտապօգնությունը կհասնի և կօգնի, կամ հրշեջն այնքան չի ուշանա, որ իրենց տունն այրվի: Այսինքն, թեև մարդկանց կյանքը որոշ չափով բարելավվում է, այնուամենայնիվ, արտագաղթը շարունակվում է, քանի որ մարդկանց` լավ կյանքի մասին պատկերացումներն են փոխվում: Բայց դա իհարկե չի նշանակում` նրանք, ովքեր գնում են, անխուսափելիորեն գտնում են լավ կյանք:

-Միգրացիայի մշակութային ի՞նչ խնդիրներ եք քննարկում:
-Փորձում եմ հասկանալ`որքանով և ինչպես է փոխվում առօրեականության մշակույթը. ինչ դրսևորումներ է ունենում տրանսնացիոնալիզմը, առօրեականության որ ոլորտներում, ինչպես է տեղի ունենում մշակույթների դիֆուզիան, մշակութային որ շերտերն են կայուն տրանսկուլտուրացիայի հանդեպ, որոնք` ոչ, որքանով է միգրացիան նպաստում մշակութային ներհոսքին և այլն:

-Վերջին տարիներին Ռուսաստանի Դանշությունը իրականացնում է “Հայրենակիցներ” ծրագիրը, և արդեն ընտանիքներով են մարդիկ տեղափոխվում Սիբիրի հեռավոր գյուղեր: Սա ավելի վտանգավոր երևույթ չէ՞:
-Հայաստանում ընդունված է, սկզբում գնում է ընտանիքի անդամներից մեկը, որպես կանոն` հայրը կամ որդին, հաստատվում է արտերկրում, և հետո ընտանիքին կանչում: Ընտանիքը ևս մեկնում է, որովհետև ձգտում է միավորվել իր հոր-ամուսնու-որդու հետ: Այսինքն`ընտանիքը, այնուամենայնիվ, մեկնում է, պարզապես այդ գործընթացը ժամանակի մեջ ձգվում է: “Հայրենակիցներ” ծրագրի դեպքում միանգամից կարող են ընտանիքով գնալ:
“Հայրենակիցներ” ծրագրի նկատմամբ վերաբերմունքը տարբեր կարող է լինել: Հասարակության/պետության մակարդակում կարելի է խոսել արտագաղթի մարտահրավերների մասին, իսկ անհատակենտրոն տեսանկյունից այս ծրագիրը ինչ-որ հնարավորություն է այն մարդու համար, ով ուզում է գնալ: Մարդու որոշում կայացնելու գործընթացը շատ պարզ է. անհատի կյանքի պայմանները պայմանավորում են մեկնելու կամ հայրենիքում մնալու ցանկությունը. եթե առաջանում է մեկնելու ցանկություն, ապա նա նայում է`ինչ հնարավորություններ և խոչընդոտներ կան և հաշվեկշռում է դրանք: Եթե հնարավորություններն ավելի շատ են, քան խոչընդոտները, որոշում է մեկնել: Սա արդեն ոչ թե ցանկություն, այլ մտադրություն է: Այս ծրագիրը հնարավորություն է առաջարկում մարդուն, ով ունի գնալու ցանկություն: Ընդ որում, այս հնարավորություն ասածն էլ մեծ չէ. ծրագիրն ինքնին իդեալական չէ և շատ է քննադատվում ռուսական կողմից:

-Ի՞նչ տեսակետից է քննադատվում, որ մարդիկ թողնում կեսից հե՞տ են դառնում, իրենց պատկերացրած աշխատանքը չե՞ն գտնում:
-Ծրագիրը քննադատվում է նրա համար, որ աշխատանք գտնելու հնարավորությունները տեղում մեծ չեն: Չնայած Հայաստանում լրագրողները գրում են, որ հայերին կարող է գրավել այնտեղ աշխատանք գտնելու կամ բնակարանով ապահովելու հնարավորությունը, այդ հնարավորություններն ուռճացված են:

-Մեզ հետ զրույցներում մարդիկ, ովքեր մասնակցում էին ծրագրին, ասում էին` հստակ գիտեն` ինչ է իրենց սպասվում, առհասարակ ի՞նչն է այս դեպքում ուռճացվում:
-Միգուցե առաջ այդ ծրագիրն ավելի գայթակղիչ էր ներկայացվում, բայց մեկ շաբաթ առաջ գործընկերուհիս, որի հետ միասին ենք աշխատում “Հայրենակիցներ” ծրագրի և նրա ազդեցության վերլուծության վրա, գնացել էր այդ գրասենյակ և պատմում է, որ այնտեղ ամեն բառից հետո ասվում է` մենք ուղղակի աջակցում ենք գնալուն, եթե ձեր բնակարանի հարցը լուծված չէ, մի դիմեք այս ծրագրին: Պետք է մարդկանց ամբողջական ինֆորմացիա տալ, որն անհրաժեշտ է նրանց` որոշման կայացումն ավելի հիմնավորված դարձնելու համար: Ավելի պարզ եթե ասենք, մարդուն պետք է ասել` այո, թափուր աշխատատեղերի ցանկ է առաջարկվում, բայց դու վստա՞հ ես, որ այդ աշխատավարձը քեզ կբավականացնի բնակարան վարձելու համար, որովհետև ընդամենը տասը տոկոսին են բնակարանով աջակցում: Այդ ծրագրի մասնակիցների 75 տոկոսը այնտեղ գործազուրկ է, ինչը քննադատում են նույն այդ ծրագիրը նախաձեռնողները և փորձագետները: Ռուսաստանում ԱՊՀ երկրների ինստիտուտի (ինստիտուտը ակտիվ դեր ունի ծրագրի հետ կապված) գիտաշխատողնորից մեկն իր վերլուծության մեջ գրում է, որ այս ծրագրի մասնակիցների ընդամենը քառորդ մասն է, որ աշխատանք ունի: Այնպես որ, պետք չէ այս ծրագիրը Հայաստանում ներկայացնել որպես շատ մեծ հնարավորություն: Այն կարող է գրավիչ լինել շատ որոշակի խմբերի համար: Ծրագրի հնարավորություններն ուռճացնելը կարող է այն հնարավորությունից դարձնել ձգող գործոն` այսինքն`արհեստականորեն մասնակցելու ցանկություն առաջացնել:

-Ալինա, առաջին հերթին կառավարությունն անտարբեր է այս ծրագրի հանդեպ: Եվ չկա ադեկվատ պատասխան:
-Գոնե հռչակած նպատակներով կառավարությունը կիսում է մտահոգությունը: Տիգրան Սարգսյանը հայտարարում է, որ սա խնդիր է և սա միջկառավարական քննարկման առարկա է:

-Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, ասում է` բա ի՞նչ անենք, թողնենք մնան, կրիտիկական զանգված հավաքվի, հեղափոխությո՞ւն անի:
-Գուցե դա կատակով է ասում, բայց այդ կատակի մեջ լրջություն իհարկե կա: Միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգում արտագաղթի մարտահրավերները ներկայացված են, ամրագրված են նաև գերակա խնդիրներ, որոնց իրագործման համար քայլեր են պետք: Այսինքն` հռչակման առումով պրոբլեմի առկայությունը չի մերժվում: Այլ հարց է, թե որքանով են հռչակված խնդիրները հաղթահարվում: Սա արդեն կապված է քաղաքական կամքի, առկա ռեսուրսների և ամենակարևորը ժամանակի հետ: Միգրացիան հետևանք է, որն արձագանքում է ընդհանուր սոցիալական վիճակին: Հնարավոր չէ նախաձեռնել միջոցառումներ, որոնք հենց էմիգրացիայի կանխմանն են ուղղված: Որպես կանոն արտագաղթի կանխարգելմանը նպաստում են այլ ոլորտների բարեկարգման ծրագրերը, որոնք ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալական արդարության ապահովմանը և այլն: Սա ժամանակ, ռեսուրսներ և կամք է պահանջում:

-Սփյուռքի նախարարությունը “Արի տուն”, “Արի տուն, լրագրող”, “Հայաստանն այսպես եմ տեսնում” և այլ ծրագրեր է կյանքի կոչում, սակայն որևէ մեկը չի վերադառնում: Հայաստանը գալու համար էլ որպես գրավիչ բաղադրիչ նախարար Հրանուշ Հակոբյանը նշում է` լեզուն, եկեղեցիները, եղեռնի հուշարձանը, Էջմիածինը, Մասիս սարը, բայց այդպես էլ չեն գալիս: Արդյոք կարելի է այս բաղադրիչներով բերել սփյուռքահային Հայաստան:
-Ես մի քիչ չեմ հավատում սրան, քանի որ այդ բոլոր բաղադրիչները այնտեղ մնալով էլ մարդիկ ունեն`եկեղեցին, հայոց լեզուն, որով խոսում եմ: Չեմ կարծում, որ այդ կոմպոնենտներով ապրելու համար պետք է անպայման գալ Հայաստան: Եվ բնական է, մարդիկ չեն գալիս, իսկ ովքեր գալիս են, չեն հաստատվում, գնում են, որովհետև այստեղ մարդկանց չի գրավում, այստեղ, այո, չեն գտնում ռեալիզացիայի հնարավորություն, վստահ չեն, որ եթե գումար ներդնեն, բիզնես միջավայրը հնարավորություն կտա բազմապատկել այդ գումարը, մեծ հնարավորություններ չեն տեսնում իրենց երեխաների զարգացման համար: Կրթական համակարգը գրավիչ չէ Հայաստանում: Բնական է, եթե մարդն ապրում է եվրոպական զարգացած երկրներում կամ ԱՄՆ-ում, ինքն այնտեղ շատ ավելի մեծ հնարավորություններ ունի: Հայաստանը ինչո՞վ գրավի մարդուն, դու ո՞ւմ, ի՞նչ առաջարկես, որ ուզենան գալ: Հայաստան կարող են գալ ավելի քիչ զարգացած կամ ավելի փակ երկրներում ապրող մարդիկ, բայց արդյունքում էլի չեն գալիս: Կամ գալիս են, որ հետո այլ երկիր գնան:

-Ազգային փոքրամասնություններն են անգամ գնում…
-Տեսեք, մի փոքր խումբ իրանցիներն էլ, որ գալիս են, մենք ընդդիմացող ռեակցիա ենք տալիս: Ստացվում է` մենք հիմա մի կողմից արտագաղթի դեմ ենք պայքարում, բայց ներգաղթը լրիվ ուրիշ խնդիրներ է առաջացնում: Երկրները, որտեղ ներգաղթը մեծ է, ունեն ներգաղթի կարգավորման շատ մեծ խնդիրներ և իրենց մեջ էլ իմիգացիան է, որ մեծ հասարակական քննարկումների և վեճերի տեղիք է տալիս: Այսինքն` միգրացիան միշտ հարցեր է առաջացնում թե ուղարկող երկրում և թե ընդունող:

-Սակայն մեր հողի ու ջրի, մեր հայրենիքի, հայրենասիրության, հայկական աշխարհի ստեղծման մասին խոսակցությունները հատկապես պատկան մարմինները շատ են շահարկում երկիրը գրավիչ դարձնելու համար:
-Մենք դրանով չենք գրավում, սա համոզիչ չէ: Եթե դու մարդուն աբստրակտ հասկացություններով ես փորձում գրավել, դա չի պահանջում տարածքային առումով այստեղ գտնվել, նա այդ ամենով կարող է ապրել իր տանը նստած Կանադայում, ԱՄՆ-ում, ամենուր: Սփյուռքում շատերն այսօր հետաքրքրված են հենց աբստրակտ հայրենիքի գոյությամբ: Դրա համար մարդիկ այդ փառատոնների ժամանակ իրենց ավելի լավ են զգում, երբ ինչ-որ գումար են տալիս` իրենց էմոցիոնալ պահանջմունքը բավարարելով, բայց քչերին է հետաքրքրում` այդ գումարը ուր հասավ, ինչ եղավ, ինչպես փոխեց Հայաստանը:

-Սակայն շատերն արդեն հասկացել են իրենց գումարները որտեղ են ծախսվել, օրինակ ` Քըրք Քրքորյանն արդեն առաջվա պես ներդրումներ չի անում:
-Այդ խոսակցությունները գնում են անընդհատ նաև սփյուռքում, և դա բնական է, այս քսան տարիներին կապն ավելի ինտեսիվ է: Մարդիկ կան, ովքեր գալիս են, նույնիսկ մի քանի տարի ապրում են Հայաստանում: Կամաց-կամաց սփյուռքում կոտրվում է այն պատկերացումը, որ Հայաստանը այն իդեալական երկիրն է, որտեղ չկան անազնիվ մարդիկ, անբարեհամբույր մարդիկ, նրանք քեզ կօգնեն ամեն ինչում, որովհետև հայ են և որովհետև դու ես հայ: Այսինքն` իրավիճակը փոխվում է, և մարդիկ կամաց-կամաց հաշտվում են, որ կա այս իրական Հայաստանը, որը, այո, որքան էլ տհաճ է իրենց համար, սովետական հետք ունի, սա է իրական Հայաստանը և ոչ թե այն իդեալական կորսված երկիրը, որի մասին իրենք տարիներ շարունակ երազել են: Դրա համար իրենք ավելի ադեկվատ են դառնում իրականությանը:

-Շատ է խոսվում արտագաղթը մեծանում է հատկապես կեղծված ընտրություններից հետո, քանի որ հիսաթափությունը մեծ է լինում:
-Դժվարանում եմ միանշանակ պատասխանել, բայց կարծում եմ Հայաստանում քիչ են մարդիկ, ովքեր ընտրությունների հետ փոփոխություններ են կապում, որ ասեն` սպասենք, չգնանք, տեսնենք այս ընտրությունից հետո ինչ է փոխվում, նոր գնանք:

-Կա տեսակետ, որ արտագաղթելը հայերին հատուկ երեւույթ է:
-Ինձ թվում է`դա ոչ թե հայերին, այլ մարդուն է հատուկ: Մարդկանց հետաքրքրում է` ինչ կա յոթ սարի հետևը, և դրա համար մարդիկ գնում են, տեսնում, որ այնտեղ նոր սարեր կան, և նոր ճանապարհներ են բացվում: Մարդկանց մեջ փակ դռները բացելու ձգտում կա: Սա ողջ մարդկությանը քաղաքակրթական և մշակութային առումով զարգացման և առաջ գնալու ստիմուլ է տալիս, հիմա գեն թե արխետիպ կասենք, դա բոլոր մարդկանց մեջ է դրված: Սա միայն հայերի հետ չէի կապի:

Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 24-10-2011.

No comments: