Sunday, October 23, 2011

Իլյա Բ-ի նամակն Էրդողանին. Իրավական կարգավիճակ տվեք Թուրքիայի վրացական եկեղեցիներին

News.am. 22-10-2011- Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ խնդրում է իրավական կարգավիճակ տալ այդ երկրի տարածքում գտնվող վրացական եկեղեցիներին, հաղորդում է վրացական Tribuna.ge գործակալությունը:
Իլյա Բ-ի նամակում, մասնավորապես, ասվում է.
«Ձերդ մեծություն, մեծապատիվ ողջույն եմ հղում Ձեզ եւ դիմում եմ մեզ համար մեծ կարեւորություն ունեցող հարցով: Անկախ Վրաստանի (1918-1921) բռնակցումից հետո, վրաց ազգը հնարավորություն չուներ իր ինքնիշխանության իրավունքները, ինչպես նաեւ ազգային շահերը պաշտպանելու համար: Այդ ժամանակաշրջանում խստորեն հետապնդվում էր Վրաստանի ուղղափառ եկեղեցին, ձերբակալվել էին եկեղեցու առաջնորդները` պատրիարքը եւ եպիսկոպոսը:
Դա էր պատճառը, որ 1930 թվականին, երբ միջազգային համաձայնությամբ Թուրքիայի օրենսդրությամբ որոշվեց որոշ դավանությունների կարգավիճակը, Վրաստանի եկեղեցին նրանց մեջ չներառվեց: Եկեղեցում ռեպրեսիաները շարունակվում էին նաեւ Խորհրդային միության վարչակարգի ընթացքում: Եկեղեցին զրկված էր սեփական շահերը պաշտպանելու իրավունքից ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ իր շրջանակներից դուրս:
Հայտնի է, որ այսօրվա Թուրքիայի տարածքում բազմաթիվ եկեղեցի -վանքեր կան, որոնք միշտ գտնվել են վրացական եկեղեցու կանոնական իավասության մեջ, իսկ հիմա նրանք մտնում են կոչում ունեցող եպիսկոպոսների իրավասության մեջ: Այդ եկեղեցի - վանքերը չեն կարող պատկանել ոչ Կոնստանդնոպոլսի եպիսկոպոսարանին, ոչ հայկականին եւ ոչ էլ այլ եկեղեցիների, քանի որ բոլոր նշաններով դրանք վրացական մշակութային կոթողներն են:
Խնդրում եմ մոտ ապագայում քննարկել վրացական եկեղեցու խնդրանքը, Թուրքիայի տարածքում նրանց իրավական կարգավիճակի եւ սեփականության վերաբերյալ: Վերջին ժամանակաշրջանում ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ կատարած Ձեր հայտարարությունները մեզ հույս են տալիս, որ այս հարցը դրականորեն կլուծվի:
Ցանկանում եմ Ձեզ առողջություն, երկարատեւ կյանք, ինչպես նաեւ հաջողություններ Ձեր գործունեությունում:
Հարգանքներով Համայն Վրաստանի պատրիարք»:
Նշենք, որ այս նամակը գրվել է սեպտեմբերի 26-ին:

No comments: