Sunday, October 23, 2011

Թուրքական ֆանտասմագորիա. ԱԳ նախարարը գնահատել է ԼՂ հարցով միջնորդների ձևաչափի փոփոխության առաջարկը

Tert.am. 22-10-2011- ԼՂ հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում։
Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում միջնորդների ներկայիս ձևաչափի փոփոխության, այդ թվում՝ դրանում Թուրքիային ներառելու առաջարկներին, Նալբանդյանը պատասխանել է. «Թուրքիայի առնչությամբ կարծում եմ, որ դա թուրքական ֆանտասմագորիա է: Ինչ վերաբերում է ձևաչափի փոփոխությանը, ապա դրա անհրաժեշտությունը չկա»։
«Կշարունակվի՞ արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, և ի՞նչ գործոններից է դա կախված» հարցին ի պատասխան Նալբանդյանն ասել է. «Ես կցանկանայի հիշեցնել բազմիցս հնչած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն անցել է ճանապարհի իր կեսը, և գնդակը թուրքական դաշտում է։ Թուրքիան պետք է կատարի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է միջազգային հանրության առջև։ Այս մասին հայտարարել և հայտարարում են թե շատ պետությունների, թե միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Մենք լիովին կիսում ենք այս տեսակետը»։

No comments: