Wednesday, October 12, 2011

=Անկարան Ալեն Ժյուպենին կբողոքի Սարկոզիից

Tert.am. 12-10-2011- Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենը հոկտեմբերի 26-ին ժամանելու է Անկարա։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայում հանդիպումների ընթացքում պաշտոնական Անկարան ամենաբարձր մակարդակով իր դժգոհությունն է հայտնելու Ժյուպենին՝ օրեր առաջ Երևանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարության համար։
Անկարայում Ժյուպենը հանդիպում է ունենալու իր թուրք գործընկերոջ՝ Ահմեթ Դավութօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Դավութօղլուի հետ քննարկելու է նոյեմբերի 2-3-ը Ֆրանսիայի Կանն քաղաքում կայանալիք G-20–ի երկրների առաջնորդների գագաթնաժողովին վերաբերող հարցեր, ինչպես նաև «Արաբական գարնան» հետ կապված վերջին զարգացումներն ու մերձավորարևեալյան խաղաղ գործընթացը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևան կատարած այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հայտարարել էր, որ եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան կընդունի ժխտումը քրեականացնող օրենքը։ Իսկ պաշտոնական Անկարան այդ հայտարարության համար կոշտ քննադատության էր ենթարկել Սարկոզիին։

No comments: