Wednesday, October 12, 2011

«Նաբուկո»-ով գազամատակարարումը հետաձգվեց ևս մեկ տարով

Panorama.am. 12-10-2011- Nabucco գազատարով գազի մատակարարման մեկնարկը հետաձգվել է ևս մեկ տարով: «Ֆրանսպրես» գործակալությունը վկայակոչելով OMV ընկերության նախագահ Գերհարդ Ռոյսին, նշում է, որ գազամատակարարումը կսկսվի 2018-ից:
Հետաձգումը ընկերությունում հիմնավորել են այն պայմանագրերի բացակայությամբ, որոնք կնքվելու են մատակարարների հետ: Նախատեսվում է, որ այս շաբաթվա ընթացքում Գերհարդ Ռոյսը կայցելի Միջին Ասիա` քննարկելու գազի մատակարարման հնարավորությունները, նախատեսվում է նաև հանդիպում Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ:
Նշենք, որ ավելի վաղ նախատեսվում էր, որ գազամատակարարումը կմեկնարկի 2017-ին, իսկ գազամուղի կառուցումը` 2013-ին: OMV ավստրիական ընկերությունը հանդիսանում է Nabucco-ի իրավահասավասար գործընկերներից մեկը: Բացի նրանից ծրագրում ընդգրկված են գերմանական RWE, թուրքական Botas, ռումինական Transgaz, բուլղարական «Բուլգարգազ» և հունգարական MOL ընկերությունները:
Հիշեցնենք, որ գազամուղով, որ Եվրոպա պետք է հասցնի միջինասիական ու ադրբեջանական գազը` շրջանցելով Ռուսաստանը, գազի մատակարարումը նախատեսված էր դեռ 2009-ին, սակայն մի շարք պայմանավորվածությունների բացակայության հետևանքով ծրագրի իրականացումը պարբերաբար հետաձգվում է:
Այժմ Nabucco-ն դեռևս ապահոված չէ լուրջ բազայով: Դեռ այս տարվա մայիսին հայտարարվում էր, որ գազամուղի շինարարությունը մեկնարկելու է հաջորդ տարի, իսկ մատակարարումը` 2015-ին:

No comments: