Thursday, October 13, 2011

Առաջին անգամ թուրքական պետական թատրոնում կբեմադրվի հայկական պիես

Tert.am. 13-10-2011- Ստամբուլի մունիցիպալ թատրոնում կբեմադրվի հայազգի հայտնի երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը (մյուզիքլ տարբերակով): Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyetdailynews.com կայքը, «Ատամնաբույժն արևելյանը» դառնալու է Թուրքիայի պետական թատրոնում բեմադրված առաջին հայկական ստեղծագործությունը։
«Հայերը թուրքական թատրոնի հիմքն են։ Այս տարածքում մեծացած դերասաններն այս հողի ԴՆԹ–ն են։ Մենք պետք է ընդունենք մեր անցյալը, եթե ուզում ենք արդիական դառնալ։ Ցավոք սրտի, մենք առանց հիշողության հասարակություն ենք»,– ասել է թատրոնի գլխավոր տնօրեն Այշենիլ Շամլօղլուն։
«Մենք մարգինալացնում ենք մեր ժողովրդին: Մենք գաղափարական պատճառներով արհամարհում ենք այն մարդկանց, որոնք հազարավոր տարիներ ապրել են այս հողում։ Անհնար է թուրքական թատրոնի պատմությունից արմատախիլ անել հայ դերասաներին»,– ասել է Ենգին Ալգանը, որը Պարոնյանի ստեղծագործությունն ադապտացել է թուրք հանդիսատեսի համար։
Ալգանն առաջին անգամ Պարոնյանի անունը պատահաբար թատերական մի ամսագրում է տեսել, ապա նրա ստեղծագործություններին ծանոթացել է ինտերնետում։
«Մենք չէինք կարողանա բեմադրել այս պիեսը նախկինում, եթե նույնիսկ ցանկանայինք։ Մենք դժվարին ժամանակներ ենք անցել։ Մեծ դժգոհության ալիք կբարձրանար, եթե ասեինք, որ պատրաստվում ենք այդպիսի ներկայացում բեմադրել պետական թատրոնում»,– նշել է Ալգանը։
«100 տարի առաջ մենք ընդհանուր կյանքով ենք ապրել: Հենց այդ ընդհանուր անցյալն է, որ պայմանավորում է մեր ներկան։ Մենք սովոր ենք մեր գլուխը ավազի մեջ թաղել, բայց չենք կարող շարունակել նույն ոգով»,–ասել է նա։
Ալգանը հավելել է, որ իրենք որոշակի փոփոխություններ են մտցրել պիեսում։«Մենք նոր երգեր ենք ստեղծել և համատեղել արևմտաեվրոպական ազդեցությունը, հայ համայանքի մշակույթը, արևելյան մշակույթն այլ կոնցեպտի երգերի հետ՝ պահպանելով այդ դարաշրջանի ոգին»։
Հակոբ Պարոնյանը հայտնի երգիծաբան է և լրագրող: Նրա ստեղծագործությունները ներկայացնում եմ Պոլսո կյանքը և սուր կերպով քննադատում հասարակական կառույցները, մտավորականությանը, կրոնավորներին, բժիշկներին և այլն։

No comments: