Tuesday, October 25, 2011

Մեդվեդևի ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության նշաններ առաջացան. Սերժ Սարգսյան

Tert.am. 25-10-2011- Պետական այցով ՌԴ-ում գտնվող Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին` հետևողական միջնորդական ջանքերի համար, որոնք նրանք գործադրում են այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող այլ երկրների հետ սերտ փոխգործակցությամբ: Այս մասին Մեդվեդևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է ՀՀ նախագահը։
«Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ և անձամբ իր մասնակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների տասը հանդիպում, ստորագրվել է երեք հայտարարություն, որոնք ոչ միայն օգնեցին պահպանել փխրուն խաղաղությունը, այլ նաև ստեղծեցին հնարավորություններ, դժվար է ասել, կողմերի միջև վստահության չափի ամրապնդման, բայց, ամեն դեպքում` վստահության ինչ-որ նշանների առաջացման համար»,– ասել է նա։
Սերժ Սարգսյանը նաև հիշեցրել է՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների կողմից Լ’Ակվիլայում, Մուսկոկայում և Դովիլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունվել է երեք հայտարարություն, որոնք նշմարում էին խաղաղ կարգավորման ուրվագծերը:

«Մեր այսօրվա հանդիպման ընթացքում իմ կողմից ևս մեկ անգամ հաստատվեց Հայաստանի նվիրվածությունը` բացառապես խաղաղ միջոցներով, միջազգային իրավունքի մեկ ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա հակամարտության շուտափույթ լուծմանը: Հենց այս ոգով ենք տեսնում հարցի կարգավորումը, երաշխավորված խաղաղության, անվտանգության և կայունության պայմաններում հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման հնարավորությունները»,– նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Դաշնության նախագահին ջերմ ընդունելության և ընդգծված ուշադրության համար:


No comments: