Tuesday, October 11, 2011

Իրանական կայք. Ադրբեջանի ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրը կարող է օգտվել ինքնորոշման իրավունքից

Panorama.am. 11-10-2011- Բաքվի իշխող պաշտոնյաների քաղաքականության օրակարգում հակաիրանական, պանթյուրքական ծրագրերի իրագործումն է Իրանի պատմական Ազարբայջան նահանգում:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, ներկայացնելով Բաքվի որդեգրած հակաիրանական երկարաժամկետ ծրագրերի օրակարգը, նշում է.
• Ադրբեջանցի պաշտոնյաները նախատեսում են Իրանի բազմալեզու բնակչության մասնավորապես` իրանցի թյուրքախոս ազարիների շրջանում էթիկական խնդիրների շահարկմամբ անկայունություն առաջացնել:
• Ամեն գնով վարկաբեկել իրանցիների արժանապատվությունն ու ազգային մշակույթըւ
• Առաջ քաշել Իրանը համադաշնության սկզբունքով կառավարելու գաղափարը` մասնատելով Իրանը
• Իրանի պատմական Ազարբայջան տարածքն անջատել Իրանից և այն միացնել Ադրբեջանի Հանարապետություն անվամբ կեղծ պետությանը:
Հոդվածագիրը վերջում ավելացնում է, որ Բաքվի պաշտոնյաները, շահարկելով իրանցի թյուրքախոս ազարիների էթնիկական հարցերը, ավելի շատ կորուստ կկրեն, քանի որ մի երկրում, որի անունը Ազարբայջան է, բազմաթիվ ազգային փոքրամասնություններ են ապրում, մասնավորապես` 1.5 միլիոն թալիշներ, հարյուր հազարավոր լեզգիներ, քրդեր, ռուսներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է օգտվել իր ինքնորոշման իրավունքից` անջատվելով Ադրբեջանից:
Հիշեցնենք, որ նույն կայքի հաղորդմամբ` առաջիկայում Թալիշ-Մուղանյան Հանրապետության հիմնադիր, թալիշ ազգային գործիչ Ալի Աքրամ Գումմատովը, ով Ադրբեջանում բանտից ազատ արձակվելուց հետո ապրում է Արևմուտքում, Իրանի մեծաքանակ թվով թալիշների և ոչ պետական կազմակերպությունների կողմից կհրավիրվի Իրան:
Հավելենք, որ վերջերս Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խնդրին էր անդրադարձել նաև «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, որտեղ նշված էր, որ Ադրբեջանում ապրող տասնյակ ազգային փոքրամասնությունների, ինչպիսիք են` թալիշները, լեզգիները, ավարները, թաթերը, և այլն իրավունքները սահմանափակված են: Չնայած Բաքուն ստորագրել է ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին կոնվենցիան, սակայն պանազերիզմի պաշտոնական քաղաքականության հետևանքով ոչնչացվում են վերոնշյալ ազգերի մշակույթն ու լեզուն:

No comments: