Wednesday, October 12, 2011

«Հայացք». Թուրքերը մտադիր էին ընդունել հայկական տառերը

Թերթը ներկայացնում է Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի նախկին ուսուցիչ Մեհրուժան Բաբաջանյանի զրույցը Քրիստոնեական հայրաբանության պրոֆեսոր Աբրահամ Տերյանի հետ: Վերջինս պատլե է հետեւյալը.
«Համալսարանի դասախոսությունների ընթացքում շատ մտերմորեն ծանոթություն ունեցա թրքագիտության ամբիոնի մի պրոֆեսորի հետ: Նա ամերիկացի մի հրեա էր, որն իր բանակային ծառայությունն անցկացրել էր Թուրքիայում, սիրել էր այդ երկրի բնությունը եւ ուզեցել էր Ամերիկա վերադառնալուց հետո անպայման ուսումնասիրել թրքերենը: Ու այդ նախասիրության պատճառով հետագայում դարձել է այդ լեզվի պրոֆեսոր: Նա իր ուսումնառության ընթացքում լեզուն սովորելուց հետո ցանկացել է թրքերեն գրականության հետ ծանոթանալ: Բայց ի հիասթափություն իրեն` իմացել է, որ թրքերեն գրականություն գրեթե գոյություն չունի: Հետո իմացել է, որ հայատառ թրքերեն գրքեր կան: Այդ յուրօրինակ գրքերը սկսել են տպագրվել 16-17դդ. ընդհուպ 19-րդ դարի վերջերը` Թուրքիայում բնակվող մոտ կես միլիոն, մայրենի լեզուն կորցրած թրքախոս հայերի համար, որոնք պահպանել էին իրենց ազգային ավանդություններն ու կրոնը: Ասենք, որ նման գրականությունն այն աստիճան զարգացավ, որ նույնիսկ Աստվածաշունչ եւ այլ հոգեւոր գործեր տպագրվեցին: Հրեա պրոֆեսորը սիրահոժար հայերեն է սովորել, որպեսզի կարողանա այդ գրքերը կարդալ: Եվ հասկացել է, որ այդ երկրում ապրող ազգերից միայն հայերն են, որ գրականության ճաշակ ունեն, ու նա հետագայում մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հայ ազգի մշակույթի ու գրականության հանդեպ»:
Որպես ի գիտություն` նաեւ այս տեղեկությունն իմանան, որ թուրք առաջավոր մտավորականները, ծանոթ լինելով հայկական լեզվի ճոխությանն ու համեմատական պարզությանը, դեռեւս միհրդատյան սահմանադրության տարիներին միտք են ունեցել արաբերեն տառերը հայերենով փոխարինելու: Այդ աննախադեպ ծրագիրը, որ մի գերիշխող պետություն չունենալով իր իսկ սեփական գիրը, ուզում է փոխ առնել իր երկրում բնակվող էթնիկ փոքրամասնություն կազմող ազգի լեզուն, այնքան է հուզել թուրքերին, որ նրանք հարցաթերթիկներ են ուղարկել նաեւ հայ մտավորականներին, որպեսզի նրանք եւս իրենց կարծիքը հայտնեն: Հարցաթերթիկներից մեկն էլ ուղարկել են Հովհաննես Թումանյանին, որն այդ նուրբ հարցում իր դրական կարծիքն է հայտնել: Մեզ համար կասկածելի հետեւանքներով այս մտահղացումը,- քանզի չգիտենք, թե ինչով կավարտվեր,- պատմությունը իր շտկումները արեց, քանի որ շուտով առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց: Եվ հետագա հայ-թուրքական բախումներն ու ցավալի հետեւանքները բացառեցին այս աննախադեպ մտահղացումը: Թուրքական կառավարությունն ի վերջո 1928 թ. գերադասեց լատինատառ տարբերակը, որը եւ հանդիսացավ դեռեւս իրենց գիրը չունեցող Խորհրդային մահմեդական ազգերի համար որպես օրինակ: Հիմա միջինասիական հանրապետություններն ու Ադրբեջանն օգտվում են այդ լատինատառ գրերից:

No comments: