Monday, November 28, 2011

Բաքուն հասցրել է Մոսկվայի քթին

Հայ քաղաքագետները, երեւի շփոթված ղարաբաղյան թեմայով բանակցություններում երկարատեւ դադարից, փորձում են Եվրոպական Միության հավակնությունները դիտարկել որպես բանակցային գործընթացի ակտիվացում: Ընդ որում, տվյալ նախաձեռնությունների պատճառը եվրոպական ուղղությամբ կենտրոնասիական եւ կասպիական գազի տեղափոխման նախագիծն է:
Հնարավոր է, դա տրամաբանական է թվում եւ իր «բաժինն» ունի Եվրոպայի ծրագրերի փաստարկման մեջ, սակայն, մեր կարծիքով, նման մեկնությունը որոշ չափով արխաիկ է եւ չի արտահայտում իրական օպերացիոն մտադրությունները:
Նախ, Ֆրանսիան չի պատրաստվում թողնել լծակները ղարաբաղյան թեմայով նախաձեռնությունների մասով, եւ նույնիսկ եթե Մինսկի խմբում լիազորություններն անցնեն Եվրոպական միությանը, Ֆրանսիան, ընդհակառակը, կուժեղացնի իր ազդեցությունը տարածաշրջանում, համաեվրոպական ասպարեզի միջոցով:
Նույնիսկ եթե հնարավոր համարենք, որ Մեծ Բրիտանիան, 2005 թ. Եվրոպական խորհրդում Ադրբեջանին լոբբինգ անելու փորձերի տապալումից խիստ «տխրած», ավելի ակտիվ մասնակցի ղարաբաղյան թեմայի քննարկմանը, ներկայիս նախաձեռնությունների էությունն ու տրամաբանությունը կմնան նույնը, ինչը գերադասում է Ֆրանսիան:
Սակայն հարցը նույնիսկ Ֆրանսիան չէ: Վերջին 2-3 տարիների ընթացքում Փարիզում եւ Բրյուսելում վերլուծական կենտրոնները եզրահանգել են, որ ղարաբաղյան կարգավորումն անհնար է, համենայնդեպս նախկին սխեմաներում եւ նախկին տրամաբանության բովանդակության մեջ: Կարգավորումը, որպես այդպիսին, մերժվում է, եւ հակամարտության կողմերը պետք է ընտրեն՝ կամ գնալ փոխադարձ զգալի փոխզիջումների, Եվրոպական միությանն ինտեգրվելու հեռանկարով, կամ համաձայնել ներկայիս ստատուս-քվոյին, հրաժարվելով ուժային հնարքներից:
Ընդ որում, ընտրության վերջին վարկածն, անշուշտ, ամենասպասելին ու բազիսայինն է, քանի որ նույնիսկ Եվրամիության առաջարկների դեպքում կողմերը դժվար թե համաձայնեն փոխզիջման: Ճիշտ է, պետք է ասել, որ եվրոպացի ու բրիտանացի քաղաքական ֆունկցիոներներին ինչ որ բան ոգեւորում է, այն է՝ Հայաստանի ղեկավարության համաձայնությունը՝ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունը, ինչը Արեւմուտքն ընկալում է որպես կարեւոր ազդանշան այն բանի, որ Հայաստանը պատրաստ է զիջումների եւ փոխզիջումների:
Եթե խոսք գնա ԱՄՆ շահերի մասին, ապա նա ընդհանրապես անհանգստանալու բան չունի, քանի որ տարածաշրջանում պետությունների գլխավոր «միությունը»՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, առայժմ բավական կտրուկ մերժել են Ռուսաստանի հետ «բարեկամությունն» ու գործընկերությունը: Ռուսաստանն Ադրբեջանին զիջել է այն ամենը, ինչ հնարավոր է՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, գերժամանակակից հրետանի, միջին հեռահարության բալիստիկ հրթիռների մասեր, աջակցել է Ադրբեջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցելու հարցում, զիջել է լեզգիական գյուղեր, որտեղ ապրում են Ռուսաստանի քաղաքացիներ, հանձնել է ըստ էության դաղստանյան ողջ ընդդիմությանը, եւ կան կասկածներ, որ Ադրբեջանը Ռուսաստանի միջոցով Հայաստանի վերաբերյալ ստանում է հետախուզական տվյալներ: Փոխարենը, Ռուսաստանը ստացել է դատարկ հայտարարություններ, այն, ինչ կոչվում է «քթին հարված է ստացել»:
Ռուսաստանը Կասպից ծովում հարձակման է անցել, միավորելով ուժերն Իրանի հետ, ինչով ավելի է վատացրել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Է՞լ ինչ է պետք ԱՄՆ-ին: Մնում է միայն Հայաստանի հիմնովին հավաքագրումը եւ նրա ներգրավումը տարածաշրջանի վերահսկողության ամերիկյան ծրագրերին:
Հայ հասարակության համար, որին հատուկ են պահպանողական-միաչափ կարծրատիպերը, անհրաժեշտ է բազմիցս կրկնել հասկանալի, բայց ոչ սովորական ճշմարտությունները: Դա պետք է նկատի առնեն հայ քաղաքագետները:
Իգոր Մուրադյան

No comments: