Tuesday, November 29, 2011

Փաշազադեն վստահ է. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ղարաբաղյան խնդրի լուծմանը

Panorama.am. 28-11-2011- Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի շրջանակներում Երևանում գտնվող Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել միջկրոնական համաձայնության դերն ամբողջ աշխարհում, կարևորել տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը և համոզմունք հայտնել, որ կրոնական առաջնորդները կարող են շատ մեծ դեր ունենալ այդ գործում: Սերժ Սարգսյանը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի ջանքերը՝ ուղղված երկխոսության միջոցով հակամարտության լուծմանն աջակցելուն:
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նշել է, որ ցանկացած քայլ դեպի խաղաղություն իրենց՝ կրոնական գործիչներին, շատ ուրախացնում է: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը, ինչին երկու երկրների հոգևոր առաջնորդները պատրաստ են սատարել: Նա շեշտել է, որ Ադրբեջանի Նախագահի հետ իր զրույցներում ևս բազմիցս նշել է, որ պատերազմը հարցի լուծում լինել չի կարող:

No comments: