Monday, November 28, 2011

Հայազգի տնտեսագետը զգուշացնում է՝ եվրոպական ռումբը Թուրքիայի դարպասների մոտ է

Tert.am. 28-11-2011- Եվրոյի գոտու ճգնաժամը թակում է Թուրքիայի դուռը։ Այս մասին Hurriyet Daily News–ին տված հարցազրույցում ասել է հայազգի ճանաչված տնտեսագետ, Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն։
«Եվրոյի գոտու ճգնաժամը ժամացույցի մեխանիզմով ռումբի պես գործի է դրված Թուրքիայի դարպասների մոտ։ Թուրքիայի տնտեսությունը կապված է Եվրոպայի տնտեսության հետ, այդ պատճառով այն բաց է բոլոր բացասական ազդեցությունների համար»,– ասել է Տարոն Աջեմօղլուն։
Չբացառելով նոր տնտեսական ճգնաժամի հավանականությունը՝ Աջեմօղլուն ասել է. «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հավանականությունը 50% է։ Իսկ Եվրոպայում տնտեսական լճացման դեպքում Թուրքիայում կստեղծվի այն նույն իրավիճակը, որը 2009թ. ճգնաժամի ժամանակ էր»։
Հայազգի տնտեսագետը խոսել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի կողմից իրեն արված՝ Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում (OECD) Թուրքիայի մշտական ներկայացուցիչ նշանակվելու առաջարկի մասին։
Տարոն Աջեմօղլուն նշել է, որ ինքն այդ առաջարկը չի մերժել, ուղղակի նախընտրում է զբաղվել իր ներկայիս աշխատանքով։
«Ես այդ առաջարկը չեմ մերժել։ Սակայն նախընտրում եմ գրել իմ գրքերն ու շարունակել ակադեմիական գործունեությունս։ Այդ առաջարկի մասին հավանաբար կմտածեմ ապագայում»,– ասել է Աջեմօղլուն։
Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում: 1986թ. ավարտել է Գալաթասարայի վարժարանը, որից հետո` Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի տնտեսագիտության բաժինը, իսկ գիտական աստիճան ստացել է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում, որտեղ և դասավանդել է 1992-1993թթ.: 1993–ից ի վեր դասավանդում է Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում:
IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աջեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը, այն դեպքում, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
Վերջերս Bloomberg հեռուստաալիքը հատուկ թողարկում էր պատրաստել հայազգի տնտեսագետի մասին, որի ժամանակ նշվել է, որ Տարոն Աջեմօղլուն հնարավոր է՝ մոտ ապագայում ստանա Նոբելյան մրցանակ։
Բացի այդ, Տարոն Աջեմօղլուն վերջերս տեղ էր զբաղեցրել ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում։

No comments: