Monday, November 28, 2011

Էրդողանը պատրաստում է թուրքական հասարակությանը Հայոց ցեղասպանության ընդունմա՞նը

Zham.am. 28-11-2011- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, անդրադարնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Դերսիմի քրդական ջարդերի մասին արած հայտարարությանը, ասաց. «Էրդողանն իր այս հայտարարությամբ հաստատեց, որ թուրքական արխիվներում կան փակ փաստաթղթեր: Հարված հասցրեց իշխող կուսակցության համար լուրջ ախոյան հանդիսացող քեմալական կուսակցությանը և արտասահմանյան երկրների մոտ որոշակի տեղաշարժ կատարեց Թուրքիայի իմիջի վերաբերյալ»:
Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ Էրդողանն այս քայլով անգիտակցաբար և անուղղակիորեն ներողություն է խնդրել նաև այնտեղ կոտորված հայերից, որովհետև բացի քրդերից և զազաներից, այնտեղ ապրել են նաև 30.000 հայեր:
«Կան բազմաթիվ փաստաթղթեր, տարբեր պաշտոնյաների զեկուցագրեր, որտեղ նշվում է, որ թուրքերի հիմնական թիրախը Դերսիմում եղել են հենց հայերը»,-հավելեց պատմաբանը:
«Էրդողանի կատարած հայտարարությունը դարձել է թուրքական ներքաղաքական հիմնական խնդիրներից մեկը, և հենց թուրքերն իրենք կապում են այն Հայոց ցեղասպանության հետ: Էրդողանի ընդդիմադիր ուժերի մի մասը նշում է, որ Էրդողանը սրանով պատրաստում է թուրքական հասարակությանը Հայոց ցեղասպանության ընդունմանը, մյուսներն էլ հայտարարում են, որ Դերսիմում ցեղասպանություն չի եղել և Էրդողանը խեղաթյուրում է պատմությունը»,-ասացթուրքագետը:
Նրա խոսքերով` «այս հայտարարության շուրջ բոլոր խոսակցությունների մեջ կարմիր թելի նման անցնում է , որ հաջորդ քայլը հայոց ցեղասպանության ընդունումն է»:
«Եթե Էրդողանը ունի այդքան համարձակություն, ուրեմն պետք է անի նաև հաջորդ քայլը` ճանաչի Հայոց ցեղասպանություն»,-վերջում իր կարծիքը հայտնեց թուրքագետը:

No comments: