Friday, December 9, 2011

Սերժ Սարգսյանը սխալ է ընտրել ամբիոնը

«Լրագիր» 8-12-2011- «Մենք հրավիրում ենք բոլորիդ մասնակցե­լու Հայաստանի խնդիրները լուծելու ազնիվ գործին: Սփյուռքի մեր արյունակիցներին մենք դիմում ենք որպես հարազատի: Եվ հենց հարազատության իրավունքով միասին պետք է քննարկենք եղած թերությունները: Պիտի քննար­կենք մեր խնդիրները` առանց յուրաքանչյուրս իր պատասխանատվության բաժնից խուսա­փելու: Եվ առաջին պատասխանատուն այդ թերությունների համար, իհարկե, ես եմ: Բայց ուզում եմ, որպեսզի բոլորդ մասնակցեք, մեզ հետ կիսեք պատասխանատվությունն ու, ինչպես ասացի, նաև հաջողության պատիվը», Մարսելի հայ համայնքի առաջ ելույթի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի խոսքի մեջ ուշագրավ է պատասխանատվության դրվագը: Նա խոստովանում է, որ ինքն է երկրում առկա խնդիրների համար գլխավոր պատասխանատուն:
Դրանք կարող են արմատներով հասնել մինչեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջան, կամ մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ որոշ խնդիրներ էլ կարող են հասնել ԽՍՀՄ շրջան եւ անգամ մինչեւ Տիգրան Մեծ, բայց գլխավոր պատասխանատուն միշտ էլ այն անձն է, ով տվյալ պահին գտնվում է իշխանության ղեկին:
Բայց, Սերժ Սարգսյանը պատասխանատվության ինքնախոստովանությունը կարծես թե կիսատ է իրականացնում: Իհարկե, ինքն է թիվ մեկ պատասխանատուն, քանի որ ինքն է նախագահի պաշտոնը զբաղեցնում, ինքն է հանդիսանում Հայաստանի Սահմանադրության երաշխավորը:
Բայց, այդ պատասխանատվության հարցը շոշափելիս, պետք է թերեւս շոշափել մինչեւ վերջ, շոշափել ամբողջությամբ: Այլապես, պատասխանատվության մասին ինքնախոստովանական արտահայտությունները վերածվում են ընդամենը ելույթներում կիրառվող էմոցիոնալ զեղումի, որով փորձ է արվում հանդիսատեսին շեղել բուն խնդրից: Այսինքն, խոսվում է պատասխանատվության մասին, բայց ավելի շատ հենց դրանից շեղելու նպատակով:
Այլապես, Հայաստանի համար պատասխանատվության խնդրի դիտարկումը Սերժ Սարգսյանը պետք է ոչ թե Մարսելի հայ համայնքի, եւ ոչ էլ ընդհանրապես որեւէ սփյուռքահայ համայնքի, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ բարձրացնի, որովհետեւ առաջին հերթին հաշվետու է կամ հաշվետու պետք է լինի հենց նրանց:
Ընդ որում, միայն հայտարարելը, թե «ես եմ թերությունների համար թիվ մեկ պատասխանատուն», չափազանց քիչ է պատասխանատվության խնդիրն առարկայորեն շոշափելու համար:
Սերժ Սարգսյանը պետք է շարունակի, թե հատկապես ինչի համար է պատասխանատու, հատկապես ինչ հարցում, որտեղ է թերացել ինքը, ինչու է թերացել, ով է խանգարում իրեն, որ հարցում, ինչպես, եւ ինչպես է պատկերացնում այդ խանգարողների հարցը լուծելը, եթե իհարկե որեւէ մեկը խանգարում է, եւ ոչ թե գործ ունենք ընդամենը կամքի պարզ բացակայության հետ:
Ահա այդ հարցերը սեփական երկրի քաղաքացիների հետ քննարկելու պարագայում է, որ Սերժ Սարգսյանին կարելի է դրվատել անձնական պատասխանատվության խնդիրը առարկայորեն եւ համարձակ կերպով հանրային քննարկման դնելու համար: Այլապես, «ես եմ պատասխանատու» հայտարարությունը բացառապես հռետորաբանություն է, որի տակ չկա առարկայական ոչինչ, այն էլ ընդամենը սփյուռքահայ համայնքի առաջ, որի մի զգալի մասը երեւի թե ոչ միայն ծանոթ էլ չէ հայաստանյան իրողությանն ու այդ թերություններին, այլ երեւի թե հետաքրքրված էլ չէ, թե ով է դրանց պատասխանատու:
Պատասխանատվության խնդիրը պետք է շոշափել Հայաստանում, եւ շոշափել ամենայն մանրամասնությամբ եւ անկեղծությամբ՝ ոլոտ առ ոլորտ, խումբ առ խումբ, անձ առ անձ, եւ դա պետք է նախաձեռնի հենց Սերժ Սարգսյանը: Ավելին, նա պետք է ոչ միայն խոսի պատասխանատվության մասին, այլ կոնկրետ մատնանշի նաեւ, թե ինչպես է պատկերացնում դրա իրացումը, ձախողումների դեպքում ինչ կոնկրետ հետեւանքով:
Երբ այդ հանգամանալից նախաձեռնությունը չկա, ապա պատասխանատվության մասին խոսքը արժեք չունի, եւ թերեւս էլ ավելի ցցուն է դարձնում հակառակը՝ անպատասխանատվությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: