Tert.am. 7-12-2011- ՅՈՒՆԵսԿՕ–ն հայկական ազգային կերակրատեսակ հարիսան, որը պատրաստվում է ոչխարի կամ հավի մսով, ճանաչել է որպես թուրքական ազգային ուտեստ: Այսօր այս հարցի շուրջ իրենց բողոքն ու դժգոհությունն էին հայտնում հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, նույնՀԿ-ի քարտուղար Վահե Անթանեսյանը և գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը:«Ցորենի հայրենիքը հայկական բարձրավանդակն է, միայն հայերն են, որ ցորենի մշակումից ստացել են ձավարեղեն և դրանից էլ պատրաստել հարիսա կամ այլ կերակրատեսակ: Բացի այդ միայն մենք հայերս թոնիր ունենք, իսկ հարիսայի «քաշկա» տեսակը պատրաստվում է թոնրում»,– համոզմունք հայտնեց Սեդրակ Մամուլյանը:
Լիա Ավետիսյանն էլ հավելեց. «Յուրաքանչյուր ճաշատեսակ իրեն բնորոշ անվանումն ու կոդն ունի, օրինակ` հարի սա, նշանակում է պետք է եփել անընդհատ խառնելով: Հայերեն կերակրատեսակների անվանումներն անմիջական կապ ունեն դրանց պատրաստման տեխնոլոգիայի և բաղադրության հետ, և հետևաբար հարիսան ոչ մի կապ չի կարող ունենալ թուրքերի հետ»:
Վահե Անթանեսյանի կարծիքով՝ այս ամենը պետական կառույցների անտարբերության հետևանք է: «Ինչո՞վ է զբաղված Հայաստանում Յունեկօ-ի գրասենյակը կամ մշակույթի նախարարությունը: Հասարակական կազմակերպությունների ուժերից վեր է միայնակ նմանատիպ հարցերին լուծում տալը: Անհրաժեշտ է հետևողական և նպատակաուղղված գործողությունների ծրագիր մշակել, որպեսզի վաղը մենք չկանգնենք ազգային դիմագծի կորստի առջև»,– նշեց նա։
No comments:
Post a Comment