«Լրագիր» 7-12-2011- ԲՀԿ-ՀՀԿ-Կոնգրես բազմաֆունկցիոնալ եռանկյունու շուրջ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեժացրած քննարկումների բովում հետաքրքրական է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլ նաեւ Ռոբերտ Քոչարյանի լռությունը:Քննարկումների բովում Քոչարյանի անունը գրեթե չի շոշափվում, բայց դա թերեւս առանցքային ֆիգուրներից մեկն է այդ գործընթացում: Առնվազն այն, որ Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի հետ ԲՀԿ գործակցության հիմքում դնում է նաեւ Ռոբերտ Քոչարյանից ԲՀԿ հրաժարվելու եւ տարանջատվելու նախապայմանը, երկրորդ նախագահին դարձնում է առկա հեռանկարների կարեւոր գործոն, եթե նույնիսկ համարենք, որ նա իրականում շաղկապված չէ ԲՀԿ հետ:
Քոչարյանն էլ իր լռությամբ թերեւս փորձում է հենց դա ապացուցել՝ որ ինքը ԲՀԿ հետ կապ չունի: Դրա համար էլ երեւի թե նա չի շտապում հերթական պատասխանը «շրխկացնել» Լեւոն Տեր-Պետրոսյանի երեսին, ով փորձում է մտնել իր եւ Ծառուկյանի «մատի ու մատանու արանքը»:
Ռոբերտ Քոչարյանը սովորաբար հենց այդպես էլ վարվում էր, երբ Տեր-Պետրոսյանը որեւէ անցանկալի շեշտադրմամբ օգտագործում էր իր անունը՝ ուղղակի, կամ անուղղակի: Տեր-Պետրոսյանն էլ միշտ անցանկալի շեշտադրումով էր օգտագործում, բայց, այս անգամ կարծես թե ուղղակիորեն պահելով անցանկալիությունը, Կոնգրեսի առաջնորդն անուղղակիորեն առնվազն չեզոք շեշտադրմամբ հիշատակեց Քոչարյանի գործոնը:
Բանն այն է, որ Ծառուկյանին առաջարկելով տարանջատվել Քոչարյանից, Տեր-Պետրոսյանը թերեւս անուղղակիորեն նաեւ Քոչարյանին է առաջարկում տարանջատվել Ծառուկյանից եւ այդպիսով չխանգարել այն «քաղաքագիտական» կոմբինացիային, որ մշակում է Կոնգրեսը ԲՀԿ հետ գործակցության հեռանկարով:
Ու Քոչարյանի ներկայիս լռությունը թերեւս վկայում է այդ մեսիջի ընդունելության մասին, երբ նա փորձում է իր որեւէ հարցազրույցով հանկարծ «չմատնել» ԲՀԿ հետ կապն ու չքանդել այն «քաղաքագիտական» հայեցակարգը, որ կառուցվեց կամ հիմնադրվեց նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում:
Սա իհարկե Քոչարյան-Տեր-Պետրոսյան գործարք չէ: Հայաստանի քաղաքագիտական կամ փորձագիտական ընկալումներում ամեն ինչ նախեւառաջ հենց այդպես է դիտարկվում կամ ընկալվում, պարզապես նայած ինչ վեկտորով գործարք: Բայց այստեղ իհարկե խնդիրը գործարքը չէ, պարզապես ինչպես Տեր-Պետրոսյանն է շահ շոշափում քոչարյանական բեւեռում, այդպես էլ Քոչարյանն է սկսել Տեր-Պետրոսյանական բեւեռում շահ շոշափել:
Կհասնի արդյոք բանը գործարքին, ցույց կտա ժամանակը: Օրինակ, Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան տիրույթում բանը փաստացի չհասավ գործարքի, եւ Սերժ Սարգսյանը հրաժարվեց դրանից: Այժմ կարծես թե միտում է հասունանում Քոչարյան-Տեր-Պետրոսյան տիրույթում, բայց այն նրբերանգով, որ այդ ընթացքում Քոչարյանը պետք է ուղղակիորեն չերեւակվի, այլ միջնորդավորվի ԲՀԿ-ով:
Թե ինչ դուրս կգա այդ ընթացքից՝ պարզ չէ: Շատ բան թերեւս կախված է նրանից, թե երբ տեղի կտան Քոչարյանի նյարդերը: Բանն այն է, որ իբրեւ քաղաքական գործիչ, նա թե սառը հաշվարկի, թե նաեւ էմոցիոնալ ընկալումների «համաձուլվածք» է եւ Քոչարյանի թե նախագահական, թե հետնախագահական շրջանում շատ անգամներ են եղել, երբ էմոցիոնալ ֆոնը փչացրել է այն ամբողջական էֆեկտը, որ իր քաղաքական շահի տեսանկյունից Քոչարյանը կարող էր ստանալ սառը հաշվարկի արդյունքում:
Տեր-Պետրոսյանական «քաղաքագիտական» պլատֆորմի վրա, Քոչարյանն առայժմ առաջնորդվում է բացառապես սառը հաշվարկով, թեեւ անգամ լռության մեջ արդեն իսկ նկատելի են ոգեւորության անուղղակի տարրեր: Ընդ որում, տպավորությունն այնպիսին է, որ Քոչարյանն այդ պլատֆորմից ավելի է ոգեւորվել, քան հեղինակն ինքը՝ Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment