Wednesday, December 7, 2011

Բակո Սահակյանը մեկ ամիս բացակայել է, բայց զբաղված է եղել քաղաքական և ներհայկական խնդիրներով. Խոսնակ

Tert.am. 7-12-2011- «Իսկապես, Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մեկ ամիս՝ նոյեմբերի 4–ից սկսած, բացակայել է երկրից, քանի որ նա և իր գլխավորած պատվիրակությունը Արցախից դուրս եղել է 3 մայրցամաքներում և մի շարք պետություններում»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա հրապարակումն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղը գրեթե մեկ ամիս մնացել էր առանց նախագահի։
Բաբայանի խոսքով՝ նախագահ Բակո Սահակյանի այցելությունները շատ կարևոր էին։ Նախագահը, նրա խոսքով, հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պաշտոնյաների հետ, հյուրընկալվել Գերմանիայի, Շվեյցարիայի, Ուրուգվայի և Արգենտինայի խորհրդարաններում։
«Սրանք շատ կարևոր այցելություններ էին՝ հագեցած ոչ միայն քաղաքական, այլև ներհայկական խնդիրներով, որի արդյունքում կնքվել են մի շարք պայմանավորվածություններ, ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ՝ Արցախում ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»,– նշեց ԼՂՀ նախագահի խոսնակը՝ նկատելով, որ Բակո Սահակյանի բացակայությունը պայմանավորված չէր միայն «Հեռուստամարաթոն 2011»–ի հետ կապված աշխատանքներով։
Բաբայանի տեղեկացմամբ՝ Բակո Սահակյանը Արցախ է վերադարձել դեկտեմբերի 5–ին։

No comments: