Wednesday, December 7, 2011

Հայաստանն ու Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում

News.am. 7-12-2011- Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ֆրանսիացի իր գործընկերոջ` Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը երկուստեք շեշտել են, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը հիմքն է տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առավել մեծ թափ հաղորդելու համար եւ այս համատեքստում ընդգծել են երկկողմ հանդիպումների կարեւորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ուղղություններով խորացնել համագործակցությունը անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում:
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի Տրանսպորտի եւ բնապահպանության նախարար Տիերի Մարիանիի եւ Օդեսենի դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Արտերկրում ֆրանսիական կրթական հաստատությունների գործակալության գլխավոր տնօրեն Անն Մարի Դեկոտի հետ: Երկու երկրների միջեւ կրթության ոլորտում համագործակցության հետագա խթանմանն առնչվող հարցերի թվում քննարկվել է նաեւ Հայաստանում ֆրանսական լիցեյի հիմնադրմանը վերաբերող հարցեր: Կողմերը նշել են, որ Հայաստանում եվրոպական կրթական հաստատությունների հիմնումը կարեւոր նշանակություն ունի մրցունակ եւ միջազգային չափանիշներին համահունչ կրթական համակարգի հետագա զարգացման համար:

No comments: