Thursday, December 8, 2011

Սամվել Բաբայանը առեղծվածային գործարքի չկայացման պատճառով լքել է Հայաստանը

«Hetq.am», 08/12/2011: ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը տեւական ժամանակ անհայտ է:
Սամվել Բաբայանին պատկանող ընկերության` «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ի գործերը դատարանում են: Ընկերությունը հիմնադրել են Իրանի Հանրապետության քաղաքացիներ Ալի Ղավամի Փիրուզին եւ Շահլա Խոսրոջերդին: Սակայն նրանք այսօր ընկերությունում մասնաբաժին չունեն: Ընկերության տնօրենը նույնպես իրանի քաղաքացի է, եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ն մի քանի տարի շարունակ Հայաստան հիմնական շինափայտ ներկրողն էր: Բոլորն էլ գիտեին, որ «տախտակի գործը» Սամվել Բաբայանինն էր, եւ նրան այդ հնարավորությունը տրվել է դեռեւս նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին:
«Քարդան սիստեմ» ՍՊԸ-ն Հայաստան էր ներկրում նաեւ մեծ քանակությամբ պարարտանյութ` սիլիտրա: 2010 թ. սկիզբին Սամվել Բաբայանի գործերում ինչ-որ շրջադարձային բան է տեղի ունեցել: Տարբեր աղբյուրներ խոսում են ինչ-որ գործարքի մասին, որը ձախողվել է, Բաբայանին խաբել են, եւ նա միանգամից մեծ պարտք է կուտակել: Գործարքի իրականացման համար նա բանկում գրավ է դրել անշարժ գույք: Գրավադրված է Ս. Բաբայանի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող տունը, Կասկադի վերեւի հատվածում դեռեւս անավարտ առանձնատունը, զոքանչի տունը, Ալբերտ Բազեյանի հայրական տունը, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի տունը եւ էլի մի քանի տներ:
Ընդհանուր առմամբ գրավադրված է 16 անշարժ գույք` բնակարաններ, առանձնատներ, լողավազան եւ մեկ սրճարան: «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ի` դատարանի որոշմամբ հաստատված հիմնական պարտատերը «Արդշինինվեստ» բանկն է: Ընկերությունը բանկին պարտք է 1 մլն 800 հազար դոլար: Պարտատերերից մեկը խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունն է, «Ապավեն» ընկերությունը: Եւս երկու պահանջ կա դատարանում, որոնք դեռեւս չեն հաստատվել. մեկը` «Եվրոպա» ՍՊԸ-ն` 90 մլն դրամ պահանջով, մյուսը` «Տախմետ» ՍՊԸ-ն` 250 մլն դրամ պահանջով:
«Ինչ-որ տեղ արձանագրվա՞ծ է, որ Սամվել Բաբայանն է «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ի իրական սեփականատերը» հարցին սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանն այսպես պատասխանեց. «Ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ` հերքել: Համենայնդեպս, փաստաթղթային որեւէ հիմք չկա»: Կառավարիչն ասաց, որ ինքն էլ տարբեր տեղերից լսել է այդ մասին: ««Արդշինինվեստ» բանկից վերցրած վարկը չի փակվել: Թե ու՞ր են ուղղվել գումարները, եւ ինչու՞ վարկը չի փակվել, առայժմ չգիտենք, փաստաթղթերն ենք հայթայթում: Փաստաթղթեր չկան: Ընկերության փաստաթղթերի, կնիքի եւ տնօրենի հետախուզում է հայտարարված: Չկա այն պաշտոնատար անձը, որից կարողանանք ինչ-որ բան ճշտել, չկան փաստաթղթերը»,- ասաց Հրանտ Ղամբարյանը:

No comments: