Tert.am. 7-12-2011- Մանկահասակ երեխայի պես խնամելով ու գուրգուրելով մեր նոսրացող ազգաբնակչության հոգեկան հանգիստը` Հայաստանի օկուպացիոն իշխանությունները փորձում են թաքցնել ժողովրդից աշխարհը ալեկոծող ազատատենչ փոթորիկը` ամենից շատ սարսափելով աշխատավոր ժողովրդի համերաշխությունից: Այս մասին գրել է «Սարդարապատ» նախաձեռնության հիմնադիր-անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը էլեկտրոնային ամսագրի իր էջում։«Դրանով նրանք լիարժեքորեն նմանվում են իրենց ռուսաստանյան և արևմտյան դասակարգային դաշնակիցներին` այդ երկրների իշխանավորներին: Բայց ինչո՞ւ է հայ աշխատավոր ու գործազուրկ ժողովուրդը անհաղորդ մնում իր նման մերժված, կեղեքվող ու շահագործվող ժողովուրդների բողոքին ու պայքարին: Եթե բարգավաճ Եվրոպայում ու հարուստ Ամերիկայում միլիոնավոր ցուցարարներ գիտակցել են, որ նրանք են կազմում հասարակության 99%` փշրանքներ ստանալով սեփական աշխատանքի դիմաց հարուստների սեղանից, մինչդեռ մնացած 1% վայելում է աշխարհի հարստության առյուծի բաժինը, ապա ինչո՞ւ է լռում Հայաստանը: Ե՞րբ ենք մենք հասկանալու, որ մեր ցավն ու դարդը, մեր պայքարը նույնն է, ինչ ողջ մնացած աշխարհինը, որ սա հարուստների հավերժ պատերազմն է աղքատների դեմ... Մի՞թե մեր հասարակությունն և նրա երիտասարդությունը կհավատա, որ հարուստ կեղեքիչների բռնատիրական համակարգը հնարավոր է տապալել մեկ այլ հարուստ կեղեքողի հետ դաշինք ու գործարք կնքելով, ինչպես վերջերս առաջարկել է նույն այդ համակարգի հիմնադիրներից մեկը: Մի՞թե Հայաստանի բնակչության 99% այդպես էլ նայելու է երկրի ներսից կամ հեռվից, թե ինչպես է ոչնչացնում մեր ազգը նրա ընդամենը 1% կազմող մակաբույծ, պարազիտ, ոչինչ չստեղծող, այլ ճիճուների պես մեր միսն ու արյունն ուտող-խմող, ձրիակեր ու կեղեքող զանգվածը: Հայաստանում Ուոլ սթրիթ չկա, մեր ազատության հասցեն նույնն է` Օպերայի հրապարակը, որը Թատերականից պետք է նորից դառնա Ազատության հրապարակ: Ե՞րբ: Երբ Հայաստանի 99%-ը զգա ու հասկանա, որ մենք իսկապես 99% ենք: 1988-ին բոլորս դա գիտեինք, հետո մոռացանք: Պետք է վերհիշել»,- հիշեցրել է Տիգրան Խզմալյանը:
No comments:
Post a Comment