Sunday, January 15, 2012

ԱՄՆ–ի և Իրանի միջև պատերազմը կհանգեցնի՞ արդյոք Ղարաբաղում պատերազմի վերսկսմանը. MediaFax

Tert.am., 14-1-2012- «Մինչ ԱՄՆ–ի և Իսրայելի առաջնորդները քննարկում են Իրանի վրա համատեղ հրթիռա–ռումբային հարված հասցնելու հնարավորությունն ու ժամկետները, Երևանում և Բաքվում քաղաքագետները կանխատեսումներ են անում առ այն, թե Պարսից ծոցում պատերազմն ինչպես է անդրադառնալու հայ–ադրբեջանական հակամարտության գոտում տիրող իրադրության վրա»,– «Իրանի հետ ԱՄՆ–ի պատերազմը կհանգեցնի՞ արդյոք Ղարաբաղում պատերազմի վերսկսմանը» վերտառությամբ հոդվածում (Media Fax գործակալություն) գրում է ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Ռաևսկին։ Վերլուծաբանը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար Իրանի ևԱՄՆ–ի միջև պատերազմն ինչպես «մինուսներ», այնպես էլ «պլյուսներ է» խոստանում։ «Պլյուսներին» անդրադառնալով՝ Ռաևսկին գրում է. «Իրանի պարտությունը հանգեցնելու է այն բանին, որ Հայաստանը՝ ի դեմս Թեհրանի, կորցնելու է իր բացահայտ դաշնակցին։ Իսկ Իրանից Հարավային Ադրբեջանի անջատման դեպքում Երևանն Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունում պարտության է դատապարտված լինելու, և այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը կրկին Բաքվի հսկողության տակ է հայտնվելու»։ «Սակայն ակնհայտ մինուս էլ կա. Իրանի տարածքում ռազմական գործողությունները հանգեցնելու են Իրանում իրադրության ապակայունացմանը, և այդ դեպքում միլիոնավոր իրանցի փախստականներ լցվելու են Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Դա կարող է խաթարել նախկին սովետական այդ հանրապետությունում կայունությունը, և այդ դեպքում այստեղ կարող է թափանցել «արաբական գարունը»,– գրում է նա։ Ռաևսկին հավելում է, որ Ադրբեջանի ղեկավարությանն ամենաշատը վախեցնում է այն, որ Իրանի ուղղությամբ ԱՄՆ–ի հարվածները Թեհրանին կստիպեն հրթիռներ արձակել հարևան երկրների վրա (որոնք տեսականորեն կարող են դասվել Իսլամական Հանրապետության թշնամիների շարքը)։ «Մասնավորապես, ամենից շատ հրթիռներ Իրանը կարձակի Իսրայելի ուղղղությամբ։ Հրթիռների մի մասն էլ կարող է Թուրքիայի տարածք հասնել, որին (Թուրքիային) Իրանը վերջերս դատապարտեց Թուրքիայի տարածքում ԱՄՆ–ի հակահրթիռային պաշտպանության տարրերը տեղակայելու որոշման համար։ Եվ վերջապես հրթիռային հարվածը կարող է հասցվել Ադրբեջանի ուղղությամբ, որը, չնայած Թեհրանի սպառնալիքներին, անցած տարի ակտիվացրել է Իսրայելի հետ համագործակցությունը»,–գրում է նա։ Վերլուծաբանը նշում է, որ Իրանի հետ ԱՄՆ–ի հնարավոր պատերազմի հարցում հնավոր է՝ հստակութուն մտցվի 2012թ. հունվարի 23–ին։ «Հենց այդ օրը միանգամից երեք իրադարձություն պետք է տեղի ունենա. Բրյուսելում Եվրամիության ԱԳՆ առաջնորդները, ամենայն հավանականությամբ, իրանական նավթի ներկրման վրա էմբարգո սահմանելու որոշում կընդունեն։ Այդ նույն օրը Ֆրանսիայի Սենատը կարող է ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Եվ վերջապես, այդ օրը Սոչիում կսկսվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը,– գրում է Ռաևսկին և հավելում,–Ինչպես հայտնի է, հրեական արմատներ ունեցող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Իսրայելի կայուն դաշնակիցն է՝ Իրանի հետ վերջինիս դիմադրության հարցում։ Սարկոզին այսօր Եվրամիության «վետերան–երկրների» առաջնորդներից միակն է, որը որոշ ժամանակ առաջ հայտարարեց Իրանը ռմբակոծելու անհրաժեշտության մասին, եթե նա (Իրանը) չդադարեցնի միջուկային ռազմական ծրագրերը։ «Որքան էլ տարօրինակ է, Անկարայում և Երևանում որոշ քաղաքագետներ փոխադարձ կապ են տեսնում Հայոց ցեղասապանությունը քրեականացնելու Սարկոզիի նախաձեռնության և իրանական հարցի առնչությամբ պաշտոնական Փարիզի քաղաքականության միջև։ Նրանց վարկածով՝ Ելիսեյան պալատը Հայոց ցեղասպանության հարցը որպես լծակ է օգտագործում՝ Իրանի հետ առաջիկա պատերազմի համար կազմավորվող ԱՄՆ դաշնակիցների կոալիցիային միանալ հրաժարվող Ռեջեբ Թայիբ Էրրդողանի կառավարության վրա ճնշում գործադրելու համար,–նշում է նար հավելում,– Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու ժամանակ եթե ԱՄՆ–ն չօգտագործի Թուրքիայի տարածքը, ապա նրա ավիացիան որոշակի դժվարություններ է կրելու։ Վերոնշյալ վարկածի համաձայն՝ Սարկոզին Էրդողանին գործարք է առաջարկում. Թուրքիան միանում է Իրանի դեմ կոալիցիային, ինչին ի պատասխան Ֆրանսիայի Սենատը հրաժարվում է պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը»,– ասված է հոդվածում։ Սարգսյան–Ալիև–Մեդվեդև հանդիպմանն անդրադառնալով՝ Ռաևսկին գրում է, որ Պարսից ծոցում պատերազմ սկսման դեպքում այդ հանդիպումը կարող է կորցնել իր ողջ իմաստը։ «Բոլորը կսպասեն ԱՄՆ–ի և Իրանի միջև մեծ հակամարտության ելքին։ Ռուսաստանի ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ Իրանի հետ ԱՄՆ–ի պատերազմը կարող է հանգեցնել ԼՂ—ի վրա Ադրբեջանի վերահսկողության վերականգնմանը։ Անդրեյ Արեշևը հնչեցրել է նաև իր գործընկերոջ, ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսադրովի կանխատեսումը։ «Ադրբեջանը Վրաստանի հետ ՆԱՏՕ–ի կազմում կընդգրկվի։ Կասպից ծովում ամերիկյան ռազմական նավատորմ կհայտնվի, իսկ Ռուսաստանից կտրված Հայաստանը, ստիպված լինելով դուրս գալ ՀԱՊԿ–ից (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) և Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղը, ևս կմիանա ՆԱՏՕ–ին»,–նշվում է հոդվածում։ Փորձագետը հոդվածի վերջում ընդգծում է, որ 2012թ. Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերասկսման հնարավորությունը կանխատեսել են ամերիկացի և ռուս այլ փորձագետներ ևս։ Նշենք, որ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ–ի հնարավոր հարձակման մասին լուրերը ԶԼՄ–ներում տարածվեցին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ)՝ Իրանի մասին զեկույցի հրապարակումից հետո։ Զեկույցում նշվում էր այն մասին, որ Իրանը «մոտ է միջուկային զենքի ստեղծմանը»։ Զեկույցի հրապարակումից հետո բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե այդ հարձակումը հնարավոր է՝ տեղի ունենա մինչև 2011թ. դեկտեմբերի 25–ը։

No comments: