Sunday, March 18, 2012

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարարի հետ

Մարտի 17-ին աշխատանքային այցով Վրաստան ժամանած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ: Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների պարբերական հանդիպումները թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական ձևաչափերով բարի ավանդույթ են դարձել, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր, մշակելու և համաձայնեցնելու համագործակցության նոր ծրագրեր: Առանձնազրույցի ձևաչափով տեղի ունեցած նախարարների հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի համար կարևորություն ներկայացնող մի շարք խնդիրներ: Նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն գոհունակություն են հայտնել հաստատված պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ: Նախարարներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ պարբերաբար անցկացվող խորհրդատվությունների օրակարգին: Նույն օրը, ավարտելով այցելությունը Թբիլիսի, նախարար Նալբանդյանը վերադարձել է Երևան:

No comments: