Saturday, March 17, 2012

Արցախյան ճակատի ներկա կոնֆիգուրացիան նոր պատերազմը կանխող հիմնական գործոնն է

Panorama.am. 17-3-2012- Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն, Ադրբեջանի խորհրդարանում ներկայացնելով կառավարության 2011 թվականի հաշվետվությունը, հայտարարել է, որ 2011 թվականին 2003-ի համեմատ երկրի ռազմական ծախսերն աճել են 20 անգամ: Տարածաշրջանում սպառազինության մրցավազքի ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետների ու քաղաքական գործիչների հետ: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հավաստմամբ՝ վարչապետ Ռասիզադեի խոսքում ոչ մի նոր բան չկա: «Այստեղ ծագում է երկու հարց: 1. ռազմական հարաճուն ծախսերը հանգեցրե՞լ են արդյոք Ադրբեջանի զինված ուժերում որակական տեսանելի փոփոխությունների՝ մարտունակության շեշտակի ամրապնդմանը: 2. Փոխվե՞լ է արդյոք հակամարտ կողմերի միջև ուժերի հարաբերակցությունն Ադրբեջանի օգտին: Այս երկու հարցերի պատասխանը մեկն է՝ ոչ: Ո՛չ, որովհետև մեր երկրին հաջողվում է զսպել ադրբեջանական կողմին. զսպել հավասարակշռող հակազդմամբ: Այստեղ անհրաժեշտ եմ համարում շեշտել հետևյալը. մեր նպատակը իրականությունն առավել բարենպաստ ներկայացնելը չէ: Հետևաբար, տեղին է նշել այն գործոնները, որոնց հանրագումարն էլ հանդիսանում է «հավասարակշռող հակազդում» ասվածը: 1. Արցախյան ճակատային գծի երկայնքով ձգվող խորը էշելոնացված պաշտպանական համակարգի կատարելագործում՝ անընդմեջ ամրաշինական աշխատանքների իրականացում, առավել բարենպաստ հենակետերի տեղադրում: Հատկապես ընդգծենք. արցախյան ճակատի ներկա կոնֆիգուրացիան նոր պատերազմը կանխող հիմնական գործոնն է, քանզի մեզ տալիս է թշնամու հանդեպ ռազմավարական առավելություն՝ ստեղծելով հաջող հակահարձակման բարենպաստ ելակետային հնարավորություններ: 2. Նորագույն սպառազինությունների ձեռքբերում՝ «ասիմետրիկ պատասխանի ռազմավարության» համապատասխան: Վերջինս ենթադրում է տիրապետել թշնամուն վնաս պատճառելու այնպիսի ներուժի, որն ի սկզբանե կարժեզրկի նրա հնարավոր հաղթանակը նոր պատերազմում, անհամատեղելի կդարձնի ագրեսորի կորուստների մասշտաբները նրա հնարավոր առավելագույն ձեռքբերումներին: Կորցնել ավելին, քան հնարավոր է ձեռք բերել. ահա ասիմետրիկ պատասխանի ռազմավարության տրամաբանությունը, որի համաձայն ձեռք բերվող սպառազինությունը մեզ թույլ է տալիս ի չիք դարձնել թշնամու քանակական առավելությունը, մասնավորապես՝ ոչնչացնել Ադրբեջանի տնտեսական և ռազմական ենթակառուցվածքները: 3. Հայ-ռուսական ռազմավարական դաշինք, որը թույլ է տալիս մատչելի գնով ձեռք բերել նորագույն զինատեսակներ, արդիականացնել մեր բանակի սպառազինությունը, և խթանել ռազմարդյունաբերության զարգացումը մեր երկրում: Հատկապես կարևոր է ռուսական կողմի ստանձնած պարտավորությունը՝ պաշտպանել ՀՀ ողջ տարածքը հնարավոր արտաքին ագրեսիայի դեպքում: Այս պարտավորության իրացումը մեզ թույլ կտա անհրաժեշտության դեպքում ՀՀ ԶՈՒ մեծ մասը գործադրել արցախյան ճակատում, և առավելագույնս օգտվել վերջինիս կոնֆիգուրացիայի ընձեռած բարենպաստ պայմաններից, մասնավորապես՝ ռազմական գործողությունները ագրեսորի տարածք տեղափոխելու հնարավորությունից»: Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի համոզմամբ, երբ հայտարարվում է, որ ռազմական ծախսերն աճել են, դա չի նշանակում, որ նույնքան որակական աճ է արձանագրվել: «Երբ համեմատականներ ես տանում, թե ինչպիսիի ձեռքբերումներ և ինչ արժեքով են իրականացվել, ակնհայտ է դառնում, որ այդ գումարների մի մասն ուղղակի վատնվել է, իսկ գումարների մի մասն օգտագործվել է «անհայտ» նպատակներով: Այն, որ այդ երկիրը սպառազինության մեծ քանակ է կուտակում՝ միանշանակ է, սակայն դա չի նշանակում, որ դրանք եղել են արդյունավետ: Պաշտոնապես ներկայացվող թվերում պարզ է դառնում, որ զինամթերք գնվում է բացահայտ «թանկ գներով», այսինքն՝ սպառազինությանն ուղղված գումարիների մի մասն ուղղակի փոշիացվում է: Համենայնդեպս միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի ու մանրամասն ուսումնասիրի ռազմական ձեռքբերումները, քանի որ, եթե ուշադրություն դարձնեք, Ադրբեջանը ձեռք է բերում նաև մեծ թվով հարձակվողական տեխնիկա: Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության փոփոխական վարքագիծը, չի բացառվում, որ ի հեճուկս միջնորդ երկրների հորդորների՝ ի վերջո, Ադրբեջանը կրկին պատերազմ կսանձազերծի»,- հավելեց փորձագետը: ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը մտահոգություն հայտնեց, որ նման հայտարարությունները մինչ այժմ որևէ արձագանք չեն գտնում, քանզի ակնհայտ է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային համապատասխան նորմերը: «Ադրբեջանն ուղղակի անտեսում է Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագիրը, ինչով միաժամանակ ևս մեկ անգամ ապացուցում է, որ հավատարիմ չէ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու պրոցեսին: Նման փաստերը պետք է համապատասխան արձագանք ստանան համապաատսխան կառույցներում, այլապես պատերազմի վերսկսման վտանգը կդառնա առավել հավանական: Չի կարող սպառազինության նման կուտակում լինել և այն ոչ մի տեղ չօգտագործվի: Որ հարևանի դեմ էլ դա օգտագործվի, այն տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակ է ստեղծելու»,- ասաց Կ. Ավագյանը:

No comments: