Saturday, March 17, 2012

Ինչու է մնացել Արամ Սարգսյանը Կոնգրեսում

«Լրագիր» 16-3-2012- Ազատ-դեմոկրատներ կուսակցության համագումարի ընթացքում հնչած ելույթներից թերեւս ամենաբացը, ընդ որում ոչ միայն համագումարի, այլ ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտի տեսանկյունից, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի ողջույնի ելույթն էր: «Անհամբեր սպասում ենք այն ազդեցիկ քաղաքական ուժի ծննդին, որն առանց ռեալ-պոլիտիկի աճուկների հետևում թաքնվելու, առանց ծեքծեքումների կհայտարարի, որ մեր պետականության կայացման խոչընդոտը ռուսական իմպերիալիզմն է, որ մեր պետականության կայացման առաջին քայլը ռուսական գաղութատիրությունից ազատագրումն է, որ մեր անվտանգության ու զարգացման խոչընդոտը ՀԱՊԿ-ի պես փտած ու տոտալ ժանդարմի գործառույթներ ունեցող կառույցն է, որ մեր քաղաքական մշակույթի անկատարությունը ԱՊՀ կոչված անախրոնիզմն է, որ մեր պետության անվտանգության հուսալի երաշխիքը մեզ իսկապես հարազատ Արևմտյան քաղաքակրթությունն է` իր անվտանգության համակարգ ՆԱՏՕ-ով», հայտարարեց Միքայել Հայրապետյանը: Հայաստանի քաղաքական դաշտում, ուր սովորաբար Պուտինի օգտին քվեարկելու կոչերից, Պուտինին հրավիրելու փորձերից եւ Պուտինին ուղղված շնորհավորանքներից բացի շատ քիչ բան է այլ կերպ արվում, Միքայել Հայրապետյանի ելույթն իսկապես ուշագրավ է: Անմիջական ձեւակերպումների, շեշտադրության տեսանկյունից այն գուցե լինի քննարկելի, շատերը գուցե համարեն արմատական, էմոցիոնալ: Բայց, հայեցակարգային իմաստով ելույթը կարծես թե բավական հստակ է եւ նախանշում է Հայաստանի քաղաքական դաշտում կոնցեպտուալ առումով նոր հարթության ձեւավորման խնդիրը՝ արեւմտյան քաղաքակրթական վեկտորի խնդիրը: Այդ տեսանկյունից, Ազատ դեմոկրատներ կուսակցությունն էլ ներկայացնում է այդպիսի հայտ, թե իր ծրագրային, գաղափարական եւ արժեքային մոտեցումներով, թե նաեւ այդ ամենի շրջանակում արեւմտյան քաղաքական վեկտորի եւս մի ներկայացուցիչ Ժառանգություն կուսակցության հետ դաշնակցային հարաբերությունների հարց քննարկելով: Ահա այս համատեքստում բավական հետաքրքրական դիրք է գրավում մեկ այլ քաղաքական միավոր՝ Արամ Զավենի Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը: Այդ կուսակցությունն իր արեւմտյան քաղաքական եւ քաղաքակրթական վեկտորի մասին բարձրաձայնում էր դեռ տարիներ առաջ, ու մինչեւ այժմ էլ հստակ դավանում է այդ գծին, Հայաստանի զարգացումը տեսնելով արեւմտյան արժեհամակարգում, արեւմտյան անվտանգության համակարգում տեսնելով Հայաստանի ռազմավարական անվտանգության ապահովումը: Ի դեպ, Հանրապետություն կուսակցության առաջնորդը ներկա էր Ազատ դեմոկրատների համագումարի հյուրերի շարքում: Հանրապետություն կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսի անդամ է: Ինչ է անում Հանրապետությունը կոնգրեսում, բացի նրանից, որ հանրահավաքային արարողակարգի համաձայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից մեկ ելույթ առաջ հնչում է Արամ Զավենի Սարգսյանի ելույթը: Դատելով Կոնգրեսի գործունեությունից, այդ կառույցն ակնհայտորեն խաղում է ռուսական ազդեցության դաշտում, բարեկամություն անում Մոսկվայի հայկական Միաբանություն ակումբի հիմնադրի հետ, նաեւ իր անդամ քաղաքական ուժի միջոցով ռեվերանսներ անում Պուտինի կողմ, եւ պարբերաբար տեղեկություններ տարածում Կոնգրեսի համակարգողի մոսկովյան այցերի եւ այնտեղ քաղաքական շրջանակների հետ կարեւոր հանդիպումների մասին: Հետեւաբար, քաղաքակրթական կողմնորոշման եւ դրանից բխող քաղաքական վեկտորի իմաստով, Հանրապետություն կուսակցության տեղը Հայ ազգային կոնգրեսում չէ: Եթե Հանրապետություն կուսակցությունը Կոնգրեսում հետապնդում է այլ նպատակ, ապա հարց է առաջանում, թե որն է այդ նպատակը: Եթե նպատակն իշխանափոխությունն է, ապա թերեւս պարզ է, որ Կոնգրեսը ոչ միայն հեռու է դրանից, այլ վաղուց ընթանում է բոլորովին այլ ճանապարհով: Եթե նպատակը Հայաստանում քաղաքացիական պայքարի մասնակից լինելն ու ժողովրդական ճակատից չկտրվելն է, ապա Կոնգրեսը վաղուց է դադարել քաղաքացիական հարթակ լինելուց եւ վերածվել է Հայաստանի համար դասական քաղաքական միավորի, իսկ ժողովրդական ռեսուրսն էլ վաղուց է փոշիացել եւ այսօր դրա ընդամենը մի մասն է Կոնգրեսի կողքին, այն էլ հիմնականում ծառայեցվում է դասական հայկական քաղաքականությանը, որ հաճախ շախմատ կամ ռեալ պոլիտիկ են անվանում: Այն բուն գործունեությունը, որ այսօր ծավալում է Հայ ազգային կոնգրեսը, մեծ հաշվով որեւէ կապ չունի այն արժեքային եւ հայեցակարգային մոտեցումների հետ, որոնք հետապնդում է Հանրապետություն կուսակցությունը; Այդ մոտեցումները ներկայում կենտրոնանում են մեկ այլ քաղաքական հարթությունում՝ Ազատ դեմոկրատներ եւ Ժառանգություն: Հանրապետությունը քաղաքական իմաստով թերեւս առավել արդյունավետ կարող է տեղավորվել հենց այդ տիրույթում, իսկ ժողովրդական եւ քաղաքացիական իմաստով էլ այդ տիրույթում Արամ Սարգսյանն առնվազն չի կորցնի, եթե չասենք հակառակը՝ եթե հաջողվի համատեղ կայացնել քաղաքական այն նոր մշակութային համակարգը, որը խոստանում են Ազատ-դեմոկրատներն ու Ժառանգությունը եւ որի հիմքում քաղաքացին է: Այդպիսով, Հայաստանում կարող է ստեղծվել իսկապես միասնական արժեհամակարգային եւ գաղափարական մի պլատֆորմ, որը կարող է էապես փոխել անկախության քսան տարիներին հատստատված եւ իր խորքային, փիլիսոփայական իմաստով երբեք չխախտված ստատուս քվոն, իր հետ բերելով նաեւ քաղաքականության հանդեպ հանրային վերաբերմունքի փոփոխություն կամ դրա տեսանելի հնարավորություններ: Այդ գործընթացի պահանջարկը Հայաստանում կա, եւ ժամանակի ընթացքում այն իսկապես հասունանալու է, որովհետեւ առկա ստատուս-քվոն, իր խորքային եւ փիլիսոփայական իմաստով սպառել է ստեղծագործական պետենցիալն ու ճգնաժամից եւ ապարդյուն հակադրություններից բացի, հանրային ու քաղաքական դաշտում ի զորու չէ տալ որեւէ նոր բան: Հետեւաբար, թերեւս չարժե սպասել, որ ժամանակը պարտադրի այն, ինչ անհրաժեշտ է: Ժամանակից առաջ ընկնել պետք չէ, բայց պետք է թերեւս դադարել հույսը ժամանակի վրա դնելուց եւ մտածել գուցե ժամանակ ձեւավորելու մասին: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: