Wednesday, March 21, 2012

Ողբերգություն ՀՀԿ ցուցակում

«Լրագիր» 20-3-2012- ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի՝ գեներալ Մանվելի ներգրավումը ՀՀԿ համամասնական ցուցակ, ողբերգություն է, պետական մասշտաբի ողբերգություն, որը փաստացի պետական մասշտաբի կամ պետության հանդեպ հանցագործության հետեւանք է: Նախ եղավ հանցագործությունը, հետո այն վերածվեց ողբերգության: Խոսքը Երկրապահներին քաղաքականության մեջ օգտագործելու մասին է: Նախ, պատերազմից հետո, նրանց սկսեցին օգտագործել քաղաքականության համար՝ դարձնելով 1995-96 թվականների իշխանության ձեւավորման եւ պահպանման հիմնական գործիք: Հետո այդ գործիքը կիրառվեց 1998 թվականին, 1999 թվականին, իսկ Վազգեն Սարգսյանի մահից հետո արդեն գործիքը դարձավ խաղալիք՝ վերածվելով ողբերգության: Երկրապահ հասկացության մասին Հայաստանում շատ են կենացներ ու պաթետիկ ճառեր հնչել: Դրանցից մեկն էլ շաբաթներ առաջ հնչեցրեց Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում: Բայց, Երկրապահ հասկացությունը Հայաստանում շատ քիչ է ենթարկվել գիտական ուսումնասիրության: Կամ գրեթե չի ենթարկվել: Թող դա զավեշտալի չթվա: Խոսքն այն մասին չէ, որ երկպարահները պետք է “փորձաճագար” դառնային գիտության համար: Խոսքն ամենեւին այդ մասին չէ: Բանն այն է, որ պատերազմի դաշտում ձեւավորված այդ սեգմենտը թերեւս չի ենթարկվել հոգեբանական, մշակութաբանական եւ այլ խորքային դիտարկումների, ինչը պետք է տեղի ունենար պետական մակարդակով, որպեսզի Երկրապահն իր կամքից անկախ չդառնար պետության արդիականացման կամ արդիական պետության կառուցման խոչընդոտ, չդառնար ընտրակեղծարարության, ընտրողի քվեն շրջանցելու կամ ընտրողին քվե պարտադրելու գործիք, իսկ հետո արդեն չվերածվեր իշխանություն-ընդդիմություն դիմակայության խաղալիքի: Կարող է լինել պատասխան, թե պատերազմից նոր դուրս եկած, շրջափակման մեջ գտնվող երկրում իշխանությունը ժամանակ չուներ Երկրապահ հասկացության գիտական ուսումնասիրության համար եւ ընդամենը օրվա հացի հրատապ խնդիրներն էր լուծում պետության համար: Թվում է, որ համոզիչ փաստարկ է: Բայց, թերեւս միայն առաջին հայացքից: Իսկ նկատի ունենալով այն, որ Հայաստանի 1990-ականների առաջին կեսի իշխանությունն ինտելեկտուալ, այսպես ասած գիտական ծագմամբ իշխանություն է ներկայացվում, այդ փաստարկն արդեն ամենեւին էլ համոզիչ չի հնչում: Բանն այն է, որ ինտելեկտուալ, գիտական, համաշխարհային պատմագիտական փորձին ծանոթ իշխանությունը պետք է որ գիտակցեր “խաղաղ պայմաններում պատերազմից վերադարձողների” գործոնի ամբողջ վտանգը, առավել եւս, որ համաշխարհային պատմության ընթացքում շատ երկրներ են տարբեր ժամանակաշրջաններում բախվել այդ իրողությանն ու կանգնել լուրջ խնդիրների առաջ: Թվում է, թե այդ խնդիրը տվյալ ժամանակահատվածում ավելի կարեւոր չէր, քան հացի խնդիրը: Իրադարձությունների հետագա զարգացումը վկայեց, որ այդ խնդիրը գուցե ավելի կարեւոր է, որովհետեւ հացի խնդիրն առավել դյուրին է լինում լուծել, քան խաղաղ կյանք ներթափանցած հետպատերազմական սինդրոմները: Հացի խնդիրը Հայաստանը զգալիորեն լուծել է, բայց չի կարողանում լուծել պետության թե սոցիալական, թե տնտեսական, թե քաղաքական եւ քաղաքակրթական զարգացման ու առաջընթացի խնդիրները, նաեւ հենց հետպատերազմական սինդրոմների չհաղթահարվածության, ու նաեւ դրանց քաղաքական համակարգի մեջ սերտաճածության պատճառով, ինչը փաստացի շարունակվում է առ այսօր՝ ՀՀԿ ցուցակը դրա վկայությունն է: Հետպատերազմական Հայաստանում հացից ոչ պակաս կենսական պետական անհրաժեշտություն էր պատերազմի անմիջական մասնակիցներին զերծ պահել քաղաքական գործընթացներից, նրանց չդարձնել քաղաքական հարաբերության գործիք, երկրապահին չդարձնել իշխանապահ, պատերազմի հաղթանակը չդարձնել պետության եւ հասարակության տակ դրված ական, իսկ հաղթանակի զինվորներին վարձահատույց չլինել առաջին հայացքից հսկայական պատվով, իսկ իրականում մարդկային ողբերգությամբ՝ երբ այդ մարդիկ սկսեցին ապրել հասարակության հաշվին, որովհետեւ իշխանությունը նրանց առաջարկել էր հետպատերազմական կյանքի այդ մեխանիզմը: Իհարկե, դրա համար պատասխանատու էին նաեւ նրանք, ովքեր գնացին այդ գործարքին, ովքեր ընտրեցին այդ ճանապարհը, որովհետեւ ոչ բոլոր երկրապահները կատարեցին այդ ընտրությունը, ոչ բոլորը համաձայնեցին կյանքի այդ կանոններին, ինչի հետեւանքը այն է, որ դուրս մնալով այդ գործարքից, նրանք ներկայում հայտնվել են կյանքից դուրս մնացածի կարգավիճակում եւ չունեն իրենց առողջությունն ու սոցիալական խնդիրները լուծելու հնարավորություն, թեեւ ԵԿՄ համագումարի դահլիճի շրջակայքում հավաքված մեքենաների պահեստամասերի երեւի թե կեսը բավական է անուշադրության մատնված զինակիցների սոցիալական եւ առողջական հարցերը լուծելու համար: Բայց, կա պետության համար վտանգավոր երեւույթի քաղաքական պատասխանատվության խնդիր, եւ այդ խնդիրը հերթով իրար են փոխանցել բոլոր իշխանությունները, բոլոր երեք նախագահները, իշխող բոլոր քաղաքական ուժերը: Երկրապահին պետք էր զերծ պահել քաղաքականությունից, պետք էր պետական մակարդակով ձեւավորել սոցիալական ապահովության մի համակարգ, որը կսպասարկեր այդ սեգմենտի կարիքները: Դրան զուգահեռ, պետք էր ձեւավորել նաեւ անկախ Հայաստանի առանցքը կազմող նոր արժեհամակարգ, որում իր տեղը կունենար Երկրապահը, արդեն որպես արժեքային ուղենիշ, ոչ թե հասարակության տնտեսա-քաղաքական մրցակից կամ նույնիսկ հակառակորդ՝ ֆեոդալ: Իհարկե, այդ ամենից առաջ պետք էր ձեւավորել պետություն: Հասկանալի է, որ խնդիրն այնքան է խորացել, որ ներկայում շատ դժվար է այդ հարցը լուծել գրչի մի հարվածով կամ ձեռքի մի շարժումով: Բայց, ՀՀԿ ցուցակում գեներալ Մանվելի ներգրավումը հուշում է, որ համակարգային եւ հոգեբանական այդ լրջագույն խնդրի լուծման հարցը բացակայում է իշխանության օրակարգից: Հարցը կարծես թե չկա, ձեւակերպված չէ նաեւ հասարակական օրակարգում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: