Tuesday, April 3, 2012

Գ.Եգանյան. «Ի՞նչ արտագաղթի ծավալներ` տարեկան Հայաստանը լքում է 25 հազար մարդ»

Panorama.am. 3-4-2012- «Չեմ կարծում, թե այս գործիքի կիրառումը կնպաստի ԵՄ երկրներից դեպի Հայաստան ներգաղթյալների հոսքին, քանի դեռ Հայաստանում տնտեսական բարենպաստ պայմաններ չեն ստեղծվել»,- անդրադառնալով ԵՄ և Հայաստանի միջև Շարժունակության շուրջ համագործակցության բանաձևի կիրառմանը հայտարարեց Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ներկայացուցիչ Էլեոնորա Վերգերը: Իսկ արտագաղթի մասին խոսեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը. «2001-2007թթ. Հայաստանը լքել է 150 հազար մարդ, իսկ 2008թ-ից ի վեր հատուկ ու խորացված ուսումնասիրություն միգրացիոն հոսքերի մասով չի եղել: Այնպես որ, երբ հնչեցվում են գնահատականներ արտագաղթի ծավալների մասին, ես միշտ հետաքրքրվում եմ` աղբյուրը ո՞վ է»,- հայտարարեց նա: Թե ինչո՞ւ չի եղել հարցին Գ.Եգանյանը արձագանքեց հարցով` ինչո՞ւ չի ֆինանսավորում պետությունը, քանզի նախկինում բոլոր ուսումնասիրություններն էլ իրականացվել են միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ: «Վստահաբար ասել, որ ցնցումային, արտառոց երևույթներ են տեղի ունեցել արտագաղթի մեջ սխալ է»,- նշեց նա` թվաբանական որոշ գումարումներ-հանումներ անելուց հետո, որոնց արդյունքում ներկայացրեց, թե արտագաղթի ծավալները ինչպես եղել են 2011-07թթ-ին` տարեկան 25 հազար մարդ, այդպես էլ մնացել են անփոփոխ. «Եվ հենց դա է ինձ զարմացնում` գրեթե նույնն է թիվը, ի՞նչ ծավալների մասին է խոսքը»,- զարմանալով նշեց նա, սակայն երբ լրագրողները առարկեցին, որ 25 հազարն էլ փոքր թիվ չի շտապեց ավելացնել` «իհարկե, մեկ մարդու արտագաղթն էլ ցավալի է»:

No comments: