
«Լրագիր» 2-4-2012- «Համոզված ենք, որ Հայաստանի այս ընտրությունները կանցնեն ազատ ու արդար, և դա զարկ կտա մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- այսօր բուհերի ուսանողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Ուսանողներից մեկը հետաքրքրվեց` ի՞նչ կանի ամերիկյան կողմը ընտրակեղծիքները կանխելու համար: «Ձեր պետությունն է, մերը չէ, ուստի ոչինչ չենք կարող անել»,- արձագանքեց դեսպանը:
Նա նշեց, որ կարող են ընդամենը մի բան անել` քաղաքական տարբեր ուժերի անդամներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին իրազեկել, ուսուցանել, որպեսզի պահանջեն օրենքների կիրառում և կեղծքիների բացառում:
«Հասկանում եմ, որ լուրջ թերահավատություն է տիրում: Վերջերս Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման ժամանակ միայն 12 տոկոսն է նշել, որ ակնկալում են ազատ ու արդարացի ընտրություններ: Միայն 12 տոկոսը: Հիմա պետք չէ, որ մենք այսօր փորձենք պարզել, թե նրանց կասկածներն ինչքանով են հիմնավորված, սակայն ես ուզում եմ հարցնել` թե այդպիսի կասկածներ ունեցող մարդիկ ինչպե՞ս են արձագանքելու: Արդյոք նրանք ամեն ինչ թողնելու են իշխանությունների տնօրինմանը, թե՞ ավելի վատ, նրանք ուղղակի բաց են թողնելու փոփոխության հնարավորությունը: Օրինակ` ոմանք արդեն կանխավ հայտարարել են, որ մայիսին կայանալիք ընտրությունները կեղծվելու են և այժմվանից արդեն կոչ են անում քվեարկության հաջորդ օրը դուրս գալ բողոքի ցույցերի»,- իր ելույթում ասաց Ջոն Հեֆերնը: Դեսպանի խոսքով` ովքեր ցանկանում են Հայաստանում ժողովրդավարություն կառուցել, չեն կարող սահմանափակվել հայտարարություններով, թե ինչ պետք է անեն «նրանք»:
Դրա փոխարեն, Հեֆերնի խոսքով, այդ մարդիկ պետք է կատարեն աշխատանքի իրենց մասը, ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր և դաշինքներ` իրենց ձայնը լսելի դարձնելու համար: Պետք է մշակեն և գործարկեն կեղծիքները կանխելուն ու կառավարության հաշվետվողականությունն ապահովելուն ուղղված մեխանիզմներ: «Այդ հաստատություններն են, այդ մեխանիզմներն են, որ տևական են: Դրանք ժողովրդականություն կառուցելու քարերն են ու շաղախը»,- նշեց դեսպանը` հավելելով, որ նման կառույցներ ձևավորումը եռանդագին աշխատանք է պահանջում:
No comments:
Post a Comment